Tuesday, 21 May 2024

A Analysis

Ընդդիմությունը եւ հասարակությունը

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Հետպատերազմյան գրեթե երեքուկես տարում Հայաստանի տիտղոսակիր ընդդիմությանը չհաջողվեց ոտքի հանել հասարակության ավելի լայն զանգվածներ՝ երկիրը կործանման տանող ազգադավ իշխանությանը հեռացնելու եւ նոր ազգային վարչակարգ կազմավորելու համար: Մի քանի ապարդյուն փորձերից հետո ընդդիմությունը՝ ի դեմս ԱԺ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների, առժամանակ դադարեցրեց պայքարի փողոցային մարտավարությունը եւ վերադարձավ խորհրդարան: Շատ չանցած, կրկին աշխուժացան հրապարակն ու փողոցները՝ հանրահավաքներ, քայլերթեր, նույնիսկ քաղաքացիական անհնազանդության, դասադուլի գործողություններ, հրաժարականի կտրուկ պահանջներ, եւ… կրկին հուսախաբություն:

Խորհրդարանական ընդդիմության երազած «կրիտիկական զանգվածը», որի միջոցով հնարավոր կդառնար իշխանափոխության իրականացումը, չէր հավաքվում: Ինչո՞ւ: Դրան մենք դեռ կգանք: Հասարակության գերակշիռ մասը, ըստ տարբեր սոցհարցումների, դեմ է գործող իշխանությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը, իսկ ամենավերջին հարցումների համաձայն՝ ՔՊ-ի եւ նրա առաջնորդի վարկանիշը տատանվում է 15-18 տոկոսի շրջակայքում: Այսինքն՝ հայաստանյան ընտրազանգվածի մոտավորապես 70-75 տոկոսը դժգոհ է 2018-ին մեծ խոստումներով եւ շռնդալից հաջողությամբ իշխանությանը տիրացած խմբակից, որը վերջնարդյունքում անհայրենիք ու անարժանապատիվ ստահակների հավաքածու դուրս եկավ:

 

Ընդդիմություն

Այն հանգամանքը, որ իշխանությանը դեմ լինելով հանդերձ՝ հասարակության որակյալ մեծամասնությունը նախընտրում է հեռուստացույցով հետեւել ընդդիմության ձեռնարկած փողոցային միջոցառումներին, պետք է վերջինիս լրջորեն մտորելու առիթ տա: Ու այդ դեպքում, թերեւս, կհասկանա դրանում իր մեղքի բաժինը եւ երբեք չի տրտնջա, թե «մեր ժողովուրդն անտարբեր է դարձել, հարմարվել է այլեւս էս թուրքի լամուկների ստերին ու բարբաջանքներին, չի ուզում ոչինչ փոխել» եւ այլն: Հասարակությանն անտարբերության մեջ պետք չէ մեղադրել եւ, առհասարակ, ժողովրդին մեղադրել պետք չէ, ժողովրդին պետք է ընդամենը հարգել: Բայց հարգել հայտնի անձի պես ո՛չ դատարկ խոսքով, թե «սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ», այլ՝ գործնականապես:

Եթե շատ մատչելի բնորոշեմ՝ ժողովուրդն իշխանության պատվիրատուն է: Եվ գործող ընդդիմությունը, իբրեւ ապագա իշխանություն,- չնայած ՀՀ-ում երբեք ընդդիմությունն ընտրություններով իշխանություն չի ստանում,- պետք է խոսքով ու գործով վստահություն ներշնչի հասարակությանը՝ իր ապագա ընտրողներին: Ո՛չ այնպես, իհարկե, ինչպես մենք դժբախտություն ունեցանք արդեն մեկ անգամ տեսնելու, թե «բոլորիս սիրող, բոլորովս հպարտացող» հայտնի անձն ինչպես էր սրտակեղեք ձայնով ճղավում՝ «ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» կամ ինչպես էր փարիսեցիաբար հայտարարում, որ «ժողովրդի թիկունքում, նրանից գաղտնի որեւէ կարեւոր որոշում չի կայացվելու», բայց իրականում ճիշտ հակառակն անում:

Այս կարգի ստախոսություններ, խոսքի եւ գործի այս կարգի հակասություններ, հազար տեսակ ձեռնածություններ տեսած մարդիկ զգուշավոր են դարձել թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության նկատմամբ՝ համարելով, որ երկուսն էլ «մի սանրի կտավ են»: Ժողովրդի համար ի՞նչ տարբերություն, թե ով է իրեն խաբում կամ ով է խարդախությամբ ու ստորություններով միլիարդներ դիզում: Նրա մեջ ձեւավորվում է պատկերացում, որ իշխանության գալու հայտ ներկայացնող ցանկացած քաղաքական ուժի, անհատի եւ, առավել եւս, ընդդիմության նպատակը աթոռակռիվն է, անհատնում բարիքների հասանելիություն ստանալը, որպեսզի լիաբուռն վայելի մարդուն մեկ անգամ տրվող կյանքի իր կարճ ժամանակահատվածը:

Սա հանրության մեծ մասի կարծրացած տեսլականն է, նրա հավատո հանգանակի ակունքը, եւ հանրության այդ հատվածին տարհամոզելը տաժանակիր աշխատանք է: Այս ակունքից է բխում ընդդիմության հանդեպ հասարակության անվստահությունը, ուստիեւ՝ անտարբերությունը: Ուրեմն՝ ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, որ չի անում: Առնվազն երեք հիմնական եւ պարտադիր հանձնառություն.

ա/ Կենդանի շփում. շատ անկեղծ, առանց սեթեւեթանքի խոսել հասարակության հետ՝ հանդես գալով որպես իրենցից մեկը, եւ հակիճ ներկայացնել ամենահրատապ խնդիրների վերաբերյալ իր եւ/կամ իր թիմի նկատառումները: Սպառիչ պատասխան տալ անխտիր բոլոր հարցերին;

բ/ Հստակ ծրագիր. հանրայնացնել պայքարի ռազմավարական ծրագիրը, հայեցակարգը, ճանապարհային քարտեզը՝ կետ առ կետ;

գ/ Ստվերային/անցումային կառավարություն. հրապարակել ընդդիմության ստվերային կառավարության կազմը՝ ներառյալ վարչապետի հավանական թեկնածուին: Ցանկալի է ներկայացնել այլընտրանքային թեկնածուներ՝ մեկի վերջնական առաջադրումը թողնելով անցումային կառավարության հայեցողությանը:

Անշուշտ՝ ընդդիմության անելիքներն այսքանով չեն ավարտվում: Ընդդիմությունը պետք է կարողանա լուրջ վերլուծության ենթարկել իշխանության սխալներն ու բացթողումները, որոնց ականատեսն ենք գրեթե ամեն օր, եւ վերլուծությունների արդյունքները դնի հանրային դժգոհությունների առանցքում: Եթե ընդդիմությունը ճկուն մարտավարություն գործադրի եւ ճիշտ հետեւություններ անի՝ գնալով բովանդակային, կառուցվածքային ու հայեցակարգային վերափոխումների, ապա նոր իշխանության ձեւավորումը կդառնա ընդամենը տեխնիկայի հարց։ Ապաքաղաքականացված հասարակությունը կգնա այն ուժի կամ ուժերի հետեւից, որոնց մեջ տեսնի կայունության եւ առաջընթացի հեռանկար՝ առանց վտանգների եւ արկածախնդրության:

 

Հասարակություն

Ընդունված է առողջ համարել այն հասարակությունները, որոնցում որակ են կազմում քաղաքական, մտավորական ու հոգեւոր էլիտաները, ինչպեսեւ միջին խավը: Էլիտաների հարցում մեր բախտը, կարելի է ասել, չի բերել՝ հասարակության վրա դրանց բարերար ազդեցությունն աննշան է, իսկ ինչ վերաբերում է միջին խավին, որի մասին ժամանակին շատ էր խոսվում, ապա այն վաղուց դուրս է եկել բոլոր հարթակներից, եւ նրա անունը շատ քչերն են այժմ հիշում: Հայաստանյան հասարակության առողջական վիճակի մասին թող դատեն սոցիոլոգներն ու հոգեբանները, իսկ այն, որ մեր հասարակությունը բավական բազմաշերտ է ու անդեմ՝ նկատելի է անգամ անզեն աչքով:

Այլ հարց է, թե ինչու երբեմնի միաձույլ, գործունյա եւ համախմբված հասարակությունը (մտաբերենք անցյալ դարի 80-90-ական թթ.-ները-Գ.Բ.) մեկեն դարձավ անմիաբան ու անտարբեր տեղի ունեցող հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ այլ իրադարձությունների նկատմամբ: Հասարակության կրավորական վարքագիծը, ըստ մասնագետների, մասամբ հետեւանք է վերջին տասնամյակների հակամարտություններով պայմանավորված հարափոփոխ գործընթացների, արտագաղթի, ազգաբնակչության ակտիվ տեղաշարժերի: Սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Գեւորգ Պողոսյանի դիտարկումներով՝ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 90-ականների սկզբից մինչեւ 1996-ը, ՀՀ-ից հեռացել է մոտ 1 մլն 200 հազար մարդ։

Մեկնածների կառուցվածքային հատկանիշների ուսումնասիրությունը, ակադեմիկոսի մատուցմամբ, ցույց է տվել, որ երկրից դուրս եկածները հիմնականում բնակչության ամենաակտիվ մասն են եղել՝ միջին տարիքի տնտեսապես, քաղաքականապես գործուն տղամարդիկ։ «Այսինքն՝ սա այն կորիզն էր, որը պետք է կազմեր ՀՀ նոր հասարակության միջին դասը»,- ասել է սոցիոլոգը՝ հավելելով, որ Հայաստանում մնացել էին 600 հազար թոշակառու, մոտ 350-400 հազար տնային տնտեսուհի, շուրջ 500 հազար անչափահաս։ Փաստորեն մնացել էր հասարակության այն մասը, որն ինքնուրույն չէր, ավելին՝ պետության հոգածության տակ էին, եւ նրանցից քաղաքական, տնտեսական առումով սպասելիք ունենալն անհեռանկարային է։

Ստացվում է, որ այսօրվա մեր հասարակության մեծամասնությունը «ցրտի ու մութի» ծանր պայմաններում ձեւավորված, դժվար մեծացած, նրա մի մասը պատերազմի միջով անցած սերունդն է՝ ներկայիս 25-55 տարեկանները: Թերեւս՝ 90-ականների մեկմիլիոնանոց արտագաղթն է հենց ՀՀ-ում երկու խիստ անցանկալի հետեւանք թողել՝ հասարակության անդիմություն եւ առաջնորդի սղություն: Սրանք փոխկապակցված գործոններ են, ինչը նշանակում է, որ խարիզմատիկ առաջնորդի պակասը բացասաբար է անդրադարձել ոչ միայն հասարակության համախմբմանը, այլեւ գաղափարական, քաղաքական պատշաճ այլընտրանքի ձեւավորմանը:

Տվյալ համատեքստում չմոռանանք նաեւ վերջին գրեթե վեց տարվա կորուստները՝ այս բառեզրի ամենալայն իմաստով, այդ թվում՝ հասարակության հետաճի: 2018-ից ի վեր մեզ ղեկավարում է յուրահատուկ հայացքներ ունեցող մարդկանց մի հետադիմական խմբակ, որին հաջողվել է իր մտածելակերպը «փաթաթել» հանրության վզին, համենայն դեպս՝ նրա մի մոլորված հատվածի: Ցավոք, այս ողջ ընթացքում ընդդիմությունը չկարողացավ ձեւավորվել արատավոր այդ մտածելակերպին ներհակ գաղափարական ճակատ, որը հասարակությանը կմիավորեր հայրենասիրության, ազգային եւ քաղաքացիական գիտակցության շուրջ:

Անձեռնհաս, ապիրատ, ազգադավ իշխանությանը կարող է հաղթել միայն քաղաքացին՝ իր գիտակցված կողմնորոշմամբ, պետականամետ կեցվածքով եւ հայաստանակենտրոն արժեհամակարգով:

 

Գեւորգ Բրուտենց

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.