Sunday, 16 June 2024

A Analysis

Արցախը իշխանության բկին մնացած ոսկոր է

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Անցած փետրվարի 20-ին բոլորեց արցախյան ազգային-ազատագրական պայքարի` Ղարաբաղյան շարժման 36-րդ տարին: 1988-ի այդ օրն արցախահայությունը ԽՍՀՄ գործող օրենսդրության հիման վրա որոշում կայացրեց դուրս գալ ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից եւ միավորվել Հայաստանին՝ վերականգնելով պատմական արդարությունը: Շարժումը մաքառումների ու հաղթանակների փառավոր էջ բացեց հայ ժողովրդի պատմության մեջ: Ղարաբաղյան շարժման երեսնամյա «կապիտալը», սակայն, շատ արագ սկսեց մսխվել, երբ 2018-ին փողոցից իշխանության եկավ «թավշյա» կոչված քաղաքական արհավիրքը: Ավելի հեռատեսների սուր աչքը միանգամից նկատեց. «Սրանք եկել են Արցախը թուրքին հանձնելու»: Ու այդպես էլ եղավ:

Այսօր՝ Ղարաբաղյան շարժումից 36 տարի անց, ունենք ահասարսուռ մի պատկեր՝ լքված, հայաթափված Արցախ, որի անունն անգամ ՀՀ պաշտոնական շրջանակներում արգելված է արտաբերել, եւ էթնիկ զտման ենթարկված ու բռնի տեղահանված ավելի քան 100 հազար փախստականներ, որոնց վիճակը, մեղմ ասած, բարվոք չէ: Գործող կառավարությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում արցախցի «քույրերին ու եղբայրներին», որոնք, մեծ հաշվով, ՀՀ իշխանությունների խարդավանքների եւ ապիկարության զոհն են: Արցախը դավադրաբար Ադրբեջանի մաս ճանաչելու պատճառով է, որ մարդիկ զրկվեցին տուն ու տեղից, կորցրին բազմադարյան Հայրենիքը եւ մազապուրծ, ձեռնունայն հասան Երեւան:

Փաշինյանը Արցախի հանձնման՝ նրբորեն մշակված ծրագիրն իրագործեց աներեւակայելի հետեւողականությամբ: Ամենասկզբից նա հայտարարեց, որ ինքը լիազորված չէ ԼՂՀ-ի անունից բանակցել: Երեւում է՝ այդ պահին պետք էր ցույց տալ, որ «օրենքի մեռած» մարդ է: Հետո օրեր անց՝ հակասելով ինքն իրեն, հայտնեց, որ բանակցությունները զրոյական կետից է սկսելու, ինչն ասել է թե՝ դրանցում որեւէ առաջընթաց չկա, հետեւաբար՝ սկսելով սեփական կետից, «գործընթացը դուրս կբերի տեղապտույտից»: Աչքաթող չարեց եւս մեկ նրբերանգ՝ արդարամիտ, ժողովրդավար գործչի կերպարը, եւ հրապարակ նետեց այնպիսի լուծում գտնելու թեզը, որը կբավարարի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ ԼՂՀ-ի, ե՛ւ, «ինչու չէ, նաեւ Ադրբեջանի ժողովրդին»:

Լուծումն, իհարկե, երեք կողմերից միայն Ադրբեջանին բավարարեց, բայց Փաշինյանի համար էականը դա չէր: Նրան մնում էր մի լավ էնդշպիլ գտնել, եւ այն գտնվեց: 2019-ի օգոստոսին Ստեփանակերտի Վերածննդի բազմամարդ հրապարակն իսկը այն տեղն էր, որտեղից պետք է հնչեր խնդրո ծրագրի առաջին փուլի եզրափակիչ ակորդը՝ Փաշինյանի ճղճղան ձայնով. «Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ…»: Նախագծի իմաստը հետեւյալն է. թող արցախյան կողմից դա ընկալվեր որպես զորակցության ազդակ, իսկ ադրբեջանական կողմից՝ որպես ռազմակոչ: Այդպես գլորվեց ժամանակը… եկան օրեր ծանր ու աղետաբեր՝ 44-օրյա պատերազմ, մահ ու ավեր, պարտություն, տարածքային կորուստներ, Արցախի տասնամսյա շրջափակում եւ պաշարում, որին էլ հետեւեց 2023-ի սեպտեմբերի 19-20-ի մեծագույն ողբերգությունը՝ Արցախի ամբողջական հայաթափումը:

Այժմ հազարամյակներով հաշվվող հայոց բնօրրանի հանձնման սատանայական ծրագիրն իրագործված է, Հայաստանի պետականությունը՝ վտանգված: Ղարաբաղյան շարժման տոների խամրած փառքը եւ հայերից դատարկված Արցախը այն ամենն են, ինչ կարող են թողնել այս իշխանություններն իրենցից հետո: Առաջին անգամ Շարժման հերթական տարեդարձը ՀՀ-ում պետականորեն չնշվեց: Փետրվարի 20-ի վաղ առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոն էին այցելել Արցախի նախագահը, ԱԺ խոսնակը եւ պաշտոնատար այլ անձինք, ծաղիկներ դրել նահատակների գերեզմանին, իսկ հետմիջօրեին Երեւանում Արցախի ներկայացուցչությունն իր շրջանակներում կազմակերպել էր հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Շարժման 36-ամյակին:

Ի տարբերություն տեղական իշխանությունների, որոնց համար Արցախի անունն իսկ աչքի փուշ է, ՀՀ-ում ապաստանած արցախյան կառավարությունը, ԱԺ-ն՝ պատգամավորական իր կազմով, էլի մի քանի հաստատություններ ու նրանց սատարող մեծաթիվ հետեւորդներ լի են Արցախի հարցը միջազգային ատյաններում վերանայման դնելու վճռականությամբ: Չնայած իշխանությունների ստեղծած խոչընդոտներին, տակավին օրակարգում է ԼՂՀ վտարանդի կառավարություն կազմավորելու եւ Արցախի ինքնորոշման օրինական իրավունքը վերականգնելու հրամայականը, ինչը ժամանակին բարեհաջող բանակցվում էր եւ չէր մերժվել միջազգային հանրության կողմից:

Կարճ հիշեցնենք, որ միջազգային հարթակում ԼՂՀ հակամարտության կարգավորման խնդիրը դիտարկվում էր 3 առանցքային սկզբունքների՝ ա/ ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառման, բ/ պետությունների տարածքային ամբողջականության, գ/ իրավահավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման հիման վրա: Ավելին՝ ըստ Մադրիդյան սկզբունքների առաջին կետի՝ ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը պետք է որոշվեր պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանն ընձեռում էր կամքի ազատ եւ իրական արտահայտում: Նույն կետում պարզաբանվում էր, որ ԼՂ բնակչություն ասելով՝ հասկացվում են 1988թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը մինչեւ հակամարտության սկիզբը:

Այնպես որ, «Արցախը Հայաստան է եւ վե՛րջ» գոռացողը ստում էր՝ պնդելով, թե միջազգային հանրությունը մեզ ասում է՝ «մի փոքր իջեցրեք Արցախի կարգավիճակի նշաձողը, եւ լայն կոնսոլիդացիա կձեւավորվի ԼՂ-ի հարցի շուրջ»: Ստում էր, երբ ԱԺ ամբիոնից կամ մամուլի ասուլիսների ժամանակ հայտարարում էր, թե այսինչ-այնինչ թվականներին (մեկ տասնյակի չափ տարբեր տարեթվեր էր վկայաբերում-Գ.Բ.), իբր, ՀՀ նախկին իշխանություններն արդեն ճանաչել էին Արցախն Ադրբեջանի կազմում: Այդօրինակ փչոցների ու մանիպուլյատիվ հայտարարությունների ցանկը երկար է, բայց բավարարվենք այս երկու տիպական օրինակով եւ գնանք առաջ:

«Արցախը Հայաստան է եւ վե՛րջ» գոռացողը այսօր ոչ միայն ինքն է խորթացել Արցախից, այլեւ խորթացրել է պետական ողջ համակագին: Բայց որքան էլ իրեն ազատել է Արցախի  «բեռից», մի քանի անգամ նույնիսկ հայտարարելով, որ ինքը միայն Հայաստանի 29,8 հազար քառակուսի կմ-ի համար է պատասխանատու, Արցախի ուրվականը՝ ի դեմս 120 հազար բռնատեղահանված արցախցիների, շարունակում է նրան հետապնդել: Փաշինյանը մի տեսակ սրտնեղած է նրանցից, քանիցս մերժել է ԼՂՀ ընտրված ներկայացուցիչների հետ հանդիպելու՝ նախագահ Սամվել Շահրամանյանի եւ այլոց առաջարկները, հրահանգել է խափանել Երեւանում Արցախի վտարանդի կառավարություն կազմավորելու նրանց մտադրությունը:

Վեցերորդ ամիսն է թեւակոխել Արցախի հայաթափման օրվանից, եւ այդ ընթացքում Երեւանում գտնվող արցախցիների հետ կապված մի շարք աղմկոտ միջադեպեր են եղել՝ ձերբակալություններ, այդ թվում՝ շինծու մեղադրանքով, կալանք, հարձակում Արցախի ներկայացուցչության շենքի վրա, քաշքշոցներ, «ռազբորկաներ» եւ այլն: Այդ ամենի թիրախը գլխավորապես Արցախի վերջին նախագահն է եւ նրա մերձավոր շրջապատը: Հայաթափված 2-րդ հայկական պետության հանդեպ նման անբարյացակամ մթնոլորտում մեկ ամիս առաջ ստեղծվեց Արցախի հարցերով հանձնախումբ, որի համակարգողը ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն է:

Հանձնախմբի գլխավոր խնդիրը, ըստ Օսկայանի, միջազգային երաշխիքներով Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության եւ սեփական հայրենիքում անվտանգ, արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանությունն է լինելու։ Նա իրատեսական է համարում արցախահայության վերադարձը, այլապես նման ծանր գործ չէր ստանձնի. «Այնպես չէ, որ զրոյից ենք սկսում, վերադարձի իրավունքը կա, դիվանագիտական ճիշտ միջոցներով կկարողանանք մի փոքր ավելին ստանալ, որպեսզի արցախահայությունն իսկապես ինքնավստահ զգա, որ այնտեղ իրենց գոյությունը, անվտանգությունը եւ մյուս խնդիրներն իսկապես կարգավորված ու երաշխավորված են»,- «Ազատության» հետ զրույցում ասել է ԱԳ նախկին նախարարը։

ՀՀ իշխանությունների կողմից աջակցություն ակնկալելն անիմաստ է: Արցախը՝ անգամ գերության մեջ, փաշինյանական իշխանության բկին մնացած ոսկոր է:

 

Գեւորգ Բրուտենց

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.