Friday, 04 October 2024

A Analysis

Կեղծ համոզմունքներ

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Նախորդ քսանհինգ տարիների ընթացքում ներքաղաքական գործընթացներում սուտն ու կեղծիքը ընկած էին երկրում ծավալվող իրավահարաբերությունների հիմքում։ Լիներ Սահմանադրություն, Նախագահի ամանորյա ուղերձ, թե սահմանին կանգնած զինվորի հետ պաշտոնյայի սովորական մի լուսանկար` սուտն ու կեղծիքը կոչված էին քողարկելու իշխող բորենիների եւ նրանց հոշոտմանը նետված մարդկային զանգվածների միջեւ եղած անհավասար հարաբերությունները։

Հարկ է նկատել, որ 2018թ․«թավշյա» հեղափոխության ժամանակ փողոցներ հորդած ժողովրդի հզոր էներգիան ուղղակիորեն սնվել է քրեօլիգարխիկ համակարգի ամենօրյա սուտն ու կեղծիքը իրենց կյանքից հեռացնելու մարդկային պահանջից։ «Սերժին մերժելու» ողջ գործընթացը գեներացվեց հենց այն հողի վրա, որ Սերժ Սարգսյանը լկտիաբար ստել ու չէր պահել իր խոստումը՝ ոչ մի դեպքում ու ոչ մի ձեւով չլինել պետության ղեկավար ՀՀ նախագահի երկրորդ ժամկետը լրանալուց հետո։ «Թավշյա» հեղափոխությունը եկավ մաքրագործելու ստի ու կեղծիքի վրա հիմնված պետական կառավարման համակարգը եւ նրանում առկա արատավոր մշակույթը։

Այժմ ակնհայտ է, որ նոր կառավարության գործունեության նկատմամբ հանրության ուշադրությունն ուղղակիորեն սեւեռված է այն խնդրի վրա, թե որքանով է հեղափոխական կառավարությունը իրենից հեռացնում սուտն ու կեղծիքը եւ տեղ տալիս ճշմարտությանը։ Ժողովրդի տառապանքը փորձ ունի, եւ այդ փորձը շրջանցել, նրա հետ հաշվի չնստել` այլեւս հնարավոր չէ։ Ներկայում ամենից ընկալելի քննադատություներն ու բանավեճերը ծավալվում են նախորդ տարիներին ու հատկապես հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի կողմից արված խոստումների եւ դրանցից հրաժարվելու շուրջ։ Հանրությունը շատ զգայուն է այդ հարցում եւ նախորդներին՝ ՀՀԿ-ին ու ՀՀՇ-ին չնմանվելու պահանջն է առաջադրում երկրի նոր կառավարիչներին։

Հեղափոխական կառավարությունը նույնքան զգայուն է ստի ու կեղծիքի հանդեպ։ Բոլոր պաշտոնյաների համար պարզ է, որ ցանկացած կեղծիք կամ սուտ բումերանգի նման հարվածելու է իրենց վարկանիշին ու փոշիացնելու ամեն տեսակ ձեռքբերում, վաստակ ու հեղինակություն։ Մի քանի սխալներ ներկա կառավարությունն արդեն ընդունել է ու չեղարկել իր իսկ որոշումները։ Ոչ միանշանակ ընկալվող առանձին որոշումներ էլ պատճառաբանվում են, փորձ է արվում քննադատությանը լուրջ վերաբերվել։ Բոլորը խուսափում են ակնհայտ ստեր արտաբերելուց ու կեղծիքներ թույլ տալուց։ Ղեկավար պաշտոնյաների մեծ մասը փորձում է քիչ շփվել լրագրողների հետ, երբեմն մերժել այս կամ այն լրատվամիջոցին հարցազրույց տալու առաջարկը։ Իհարկե, նման վարքի հիմքում առավելապես ընկած է ոչ թե չստելու ու չկեղծելու մտադրությունը, այլ զբաղեցրած պաշտոնում ոչ իրավասու երեւալու, հարցերին սխալ կամ թերի պատասխանելու վախը։ Կա նաեւ այն հիմնավոր ենթադրությունը, որ լրագրողներին պաշտոնյաները մերժում են, որպեսզի իրենց կողմից սուտ խոսք չասվի կամ կեղծիք թույլ չտրվի։

Սակայն քաղաքական ստի ու կեղծիքի հանդեպ հանրային հետեւողական ուշադրությունից բացի, կա նաեւ մի ավելի խորքային երեւույթ, որը հանրության ուշադրության կենտրոնում երբեք չի հայտնվում։ Խոսքը կեղծ համոզմունքների մասին է։ Դրանք կեղծիքի շատ ավելի բարդ այնպիսի համակարգեր են, որոնցում մարդը կեղծիք թույլ տվող, կեղծիք շրջանառող սուբյեկտից վերածվում է օբյեկտի։

Օրինակ` Ամուլսարի հանքի շահագործման հարցում շատ պաշտոնյաներ հավատում են, որ խնդիրը «Լիդիանի» ծրագրի՝ ջրային համակարգերի վրա ազդեցություն ունենալ-չունենալու մեջ է։ Այստեղ կեղծ համոզմունքը հենց նման բան պնդելու մեջ է, քանզի ճշմարտությունը բոլորովին այլ տեղում պետք է փնտրել։ Խնդիրն ազդակիր համայնքների բնակիչների այն որոշման մեջ է, որ իրենց համայնքների վարչական տարածքներում իրենք դեմ են հանքարդյունաբերական ցանկացած գործունեությանը։ Այդպիսի պաշտոնական որոշում կայացրել է Ջերմուկ քաղաքի ավագանին, բայց նման դիրքորոշում ու բանավոր որոշում ունի նաեւ շրջակա գյուղերի բնակչության մեծամասնությունը։

Չի կարող լինել այնպես, որ հանրային աջակցություն չունեցող նախաձեռնությունը կարողանա ամիսներով շրջափակել հանքի ճանապարհները։ Որքան էլ կառավարությունը եւ պաշտոնական շրջանակները փորձեն իրենք իրենց համոզել, թե խնդիրը փորձաքննությունների ու դրանց արդյունքների մեջ է, միեւնույն է, այդ տարածաշրջանի բնակիչները դեմ են «Լիդիանի» ծրագրին։ Թե ինչու են դեմ, դա հարցի բուն էությունն է՝ տասնամյակներով ստի ու կեղծիքի վրա հիմնված հանքարդյունաբերությունը, ի վերջո, համոզել է մարդկանց, որ չի կարող լինել քիչ թե շատ անվտանգ ու անվնաս շահագործում։ Դա հղի է ամբողջական տարածաշրջանների ամայացմամբ, բնության՝ մարդու այդ կենսական տարածքի, լիարժեք ձեւախեղմամբ։ Հիմա կառավարությունը, համաշխարհային օլիգարխիան, տեղական ինչ-որ շահառու խմբեր կարող են փորձել համոզել քաղաքացիների մեծամասնությանը այլ բանում։ Սակայն, այնուամենայնիվ, պետք է բոլորը համակերպվեն այն իրավիճակի հետ, որ որոշողը առաջին հերթին ազդակիր համայնքների բնակիչներն են։ Ուստի խնդիրը կարող է հանգուցալուծվել մարդկանց ինքնուրույն որոշման (ինքնորոշման) սկզբունքը ճանաչելու եւ դրա վրա չբռնանալու դեպքում միայն։ Նման հանգուցալուծման գնալու համար նախ շատ պաշտոնյաներ պետք է վերանայեն իրենց կեղծ համոզմունքն առ այն, որ Ամուլսարի խնդիրն առնչվում է ջրային համակարգերի վրա «Լիդիանի» ծրագրի ազդեցությանը, ինչպես եւ այն կեղծ համոզմունքը, թե փորձաքննության դրական եզրակացության դեպքում տեղական բնակչության դիրքորոշումն արդեն այնքան էլ էական չէ։

Կեղծ համոզմունքների մեկ այլ օրինակ է, երբ մարդիկ խոսում են իրավունքի ու օրենքի գերիշխանությունից, բայց խոր համոզմունք ունեն, որ ղեկավար պաշտոնյան` ունենալով պետական հարկադրանք կիրառելու որոշակի լծակներ, անգամ պաշտոնական դիրքը չարաշահելու կամ ինքնիրավչություն գործելու ճանապարհով, պարտավոր է պատժել զանցանք կամ հանցանք կատարած անձանց։ Ըստ նման կերպ մտածող անձանց՝ իշխանությունը, եթե կա դրա կիրառման հնարավորությունը, ապա միայն բանեցնելու համար է։ Եվ այդ տեսանկյունից` եթե նպատակը բարի է, ապա միջոցների ընտրության մեջ չպետք է կանգ առնել։ Այս համոզմունքը շատերի մտքում է։

Ինչպես տեսնում ենք, կեղծ համոզմունքներ ունեցողների շրջանակը չի սահմանափակվում միայն պաշտոնյաներով կամ հանրային տարբեր խմբերով։ Այն մեր մշակույթի բաղկացուցիչն է եւ կապված է ավելի բարդ հոգեմտավոր գործընթացների հետ։ Այն կեղծիքի շատ ավելի խոր դրսեւորում է, երբ մարդը չի էլ ընկալում, որ իր համոզմունքը, դիրքորոշումը, պնդումը կեղծ է, խախտում է մարդկային համակեցության շատ սկզբունքներ, առերեւույթ բարի նպատակ հետապնդելով՝ վնասակարի ու վտանգավորի արտահայտությունն է եւ այլն։

Կեղծ համոզմունքները մակերեսային գիտելիքներ ունենալու, մասնագիտացման կիսատ ճանապարհ անցնելու, հոգեւոր արժեքներ չկրելու եւ բազում նման այլ երեւույթների հետեւանք են։ Ընդհանրապես` մարդիկ գիտելիք են ստանում ու մասնագիտանում որոշակի գաղափարական դպրոցների ազդեցության տակ։ Մարդկանց համոզմունքների հիմքերը հասկանալու համար կարեւոր է, թե սեփական կենսափորձը ձեռք բերելու ճանապարհին նրանք ինչպիսի գաղափարական միջավայրում են ձեւավորվել։ Պետական կառավարման մեջ առանձին պաշտոնյաների կեղծ համոզմունքների մի շարք օրինակներ գալիս են հենց այն իրավիճակից, որ շատ պաշտոնյաներ այս կամ այն դոգմայի կրողն են դարձել իրենց կյանքի որոշակի մի շրջափուլում։ Փորձիր իրեն այլ բանում համոզել` չես կարող։ Նրա ուղեղը կաշկանդված է տրամաբանական այնպիսի միագիծ շղթայով, որից ձերբազատվել նա չի կարող։

Այժմ մեր երկրում տեղ գտնող շատ խնդիրներ ու արատավոր երեւույթներ կապված են ոչ թե քաղաքական ստի ու կեղծիքի ուղղակի դրսեւորումների, այլ շատ ավելի բարդ, դժվարվերծանելի դրսեւորումների՝ հանրային տարբեր դիրքորոշումներ ունեցող անձանց գաղափարական բախումների հետ, որտեղ կեղծիքը տարրալուծված է մարդկանց համոզմունքներում։ Այդ մարդիկ կեղծիքի օբյեկտներ են, եւ նրանց դոգմատիզմը շատ դեպքերում անհաղթահարելի է։

Թվում է` ելք չկա նման իրավիճակում՝ մարդիկ պատրաստ չեն հրաժարվել տարիների ընթացքում ձեւավորված իրենց համոզմունքներից։ Սակայն տվյալ խնդրի լուծումը պետք է փնտրել մարդկային համակեցության բնական կարգավորումներում։ Մարդիկ այնքան են պայքարելու իրենց կեղծ համոզմունքների ուժով, մինչեւ որ կյանքն իրենց բոլորովին հակառակում համոզի կամ իր ուղեծրից դուրս թողնի։ 2018թ․ «թավշյա» հեղափոխությունը շատերի կեղծ համոզմունքների գերեզմանափորը դարձավ։ Կարիք կա՞, արդյոք, կրկին նույն գետը մտնել` սա պետք է հուզի առաջին հերթին դոգմատիկներին։

 

Սարո Սարոյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.