Saturday, 20 April 2024

F Free Platform

Չափից ավելի «թավշյա» պայմաններ ՀՀԿ-ի համար

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Հանրապետական ​​կուսակցությունը հստակ որոշել է գնալ ընտրություններին՝ կանխավ իրեն հռչակելով ամենաիսկական ընդդիմություն: Միեւնույն ժամանակ` կտրուկ հայտարարելով, որ հենց ՀՀԿ-ն կարող է դառնալ գրագետ եւ կառուցողական ընդդիմություն: Այդ կուսակցության ինքնահռչակ «օմբուդսմեն» «Գոլոս Արմենիի» թերթն էլ գրում է. «Ի տարբերություն ապագա կայուն մեծամասնության, ՀՀԿ-ն ունի հստակ գաղափարախոսություն եւ հաստատուն քաղաքական սկզբունքներ: Նրանք հակադրելու բան ունեն այն գաղափարազուրկ մեծամասնությանը, որին 7-րդ գումարման խորհրդարան կբերի հեղափոխության առաջնորդը»:

Այսպիսով` ՀՀԿ-ի վարձու խոսափողը փորձում է համոզել ժողովրդին, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունից առաջադրված թեկնածուների ցուցակը գաղափարազուրկ մեծամասնություն է լինելու: Այլ կարծիքներ չեն կարող լինել: Իսկ այ, Հանրապետական ​​կուսակցության պարագան բոլորովին ուրիշ է: «ՀՀԿ-ն ժողովրդից մանդատ կխնդրի ոչ թե իշխանություն դառնալու, այլ ընդդիմության ծանր բեռը կրելու համար»: Այս «ծանր բեռ» կրողն էլ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն է, ով գլխավորում է այդ կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակը: Այնուհետեւ երկրի նախկին թիվ մեկ ռազմական գործիչը ոչ առանց պարծենկոտության շարունակում է. «Մենք այս ընտրություններում հիմնական ընդդիմադիր ուժ դառնալու հավակնություն ունենք եւ հավատում ենք, որ հնարավորություն կա հասնելու դրան. մեր ռեսուրսները, գիտելիքներն ու փորձը մեզ թույլ են տալիս»: Ամոթ չլինի հարցնել, պարոն Վիգեն, իսկ ժողովրդի վստահությունը նույնպե՞ս թույլ տալիս է: Կարող եք չպատասխանել:

Պաշտպանության լավագույն միջոցը հարձակումն է: Ով` ով, բայց պաշտպանության նախկին նախարարը դա լավ գիտի: Արդեն որերորդ անգամ այս կուսակցությունն ու նրա կարկառուն դեմքերն իրենց դասում են մինչեւ վերջին թելը թալանված այս երկրի քաղաքական կյանքի անփոխարինելիների շարքին: Իսկը` մնայուն արժեք: Փույթ չէ, թե այդ երկիրը տարիներ շարունակ ողորմություն ստանալու համար ձեռքը մեկնած ծառայել է գերտերություններին՝ լիովին «մոռանալով», որ աշխարհում գոյություն ունեն նաեւ ազգային շահեր, որոնք պետք է պաշտպանել: Այս կուսակցությո՞ւնը չէր, որ սեփական շահի համար վաճառեց այն ամենը, ինչ հնարավոր էր վաճառել, գողացավ ազգային հարստությունը՝ երկրի բնակչության կեսին տնտեսապես եւ նյութապես հաշմանդամ դարձնելով ու զանգվածային միգրացիայի դրդելով: Իսկ արցախյան հարցում պատրաստ էր տարածքներ հանձնել՝ առանց Արցախի կարգավիճակի որեւէ հստակեցման:

Ընդհանրապես` «կոռուպցիա» բառը չափազանց «քնքուշ» է այս կուսակցության համար: Սրանք պարզապես լպիրշ գողեր են: Եվ հիմա այդ գողերը, փոխանակ զղջան, ներողություն հայցեն ժողովրդից, որին կողոպտել են, պատրաստվում են դառնալ «կառուցողական ընդդիմություն»: Մեր ժողովուրդը մեծահոգի է: Եթե քաղաքական այս ուժի ներկայացուցիչներն այս ամենը ասեին գոնե նրա ներողամտությունը հայցելուց հետո, հնարավոր  է` նրանց ըմբռնումով վերաբերվեին: Բայց ամեն ինչի համար վճարել է պետք: Բոլոր հանցագործությունների համար պետք է պատասխան տալ, ոչ թե հոխորտալ, ինչպես դա անվիճելի քանքարով կարողանում են անել վիգենսարգսյաններն ու աշոտյանները, շարմազանովներն ու մյուսները:

Իսկ ամենատխուրն այն է, որ չափից ավելի «թավշյա» այս պայմաններում ՀՀԿ-ի «ռեյտինգականները» հնարավորություն ունեն վերածնվելու եւ, նույնիսկ, սողոսկելու խորհրդարան: Այդ կուսակցությունը պետք է օրինական կարգով արգելվեր: Չարվեց: Հուսանք` Հայաստանում ԽՄԿԿ-ի պատմությունը չի կրկնվի:

 

Կարապետ Կալենչյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.