Friday, 19 April 2024

F Free Platform

Կործանվող միֆեր

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Հասարակությունները միֆերով են սնվում ու միֆերով են մտածում: Միֆերը նստած են մեզանից յուրաքանչյուրի գլխում: Կախված նրանից, թե ինչ միֆերի են անգիտակից կերպով հավատում անձերը` համապատասխան արդյունք է ունենում անձերի հավաքականությունը` հասարակությունը եւ պետությունը:

Միֆերը հատկապես կարեւոր են պետությունների ճակատագրի համար, սակայն դրանք ջարդվում կամ այլափոխվում են ճգնաժամային իրավիճակներում, մասնավորապես` պատերազմի: Պատերազմը կեղծ միֆերի սանիտարն է։ Դա սարսափելի գնով վաստակած անկեղծության պահն է։ Ստորեւ ներկայացնենք այս պատերազմի ընթացքում կործանվող միֆերը.

 

  1. Կա «միջազգային հանրություն» (Տեր-Պետրոսյանի ականջը կանչի), որի համար գոյություն ունեն ինչ-որ արժեքային համակարգ եւ հավաքական որոշումների ընդունված մեխանիզմ` հիշենք հրադադարի երեք պայմանավորվածությունները։ Միջազգային քաղաքականությունը հիմնված է ոչ թե արժեքային համակարգի, այլ որոշակի կանոնների վրա, ինչպես հանցաշխարհում, որտեղ կա «ավագ Գող», կան «զոն» նայողներ, հեղինակություններ, որոնք մշտական մրցակցության մեջ են ու պետք է յուրաքանչյուր պահի պահպանեն կարգավիճակը։ Կամ միջազգային կարգը` «Պալաժենի», որն անսասան երեւույթ չէ։ Կան մուժիկներ` փոքր ու միջին պետությունները, որոնք պետք է հարաբերություններ ստեղծեն հեղինակությունների հետ, իսկ հեղինակություններին քցելու դեպքում` պատժվեն, եթե դա չի հաջողվում։

    Սա է միջազգային հարաբերությունների ողջ իմաստը։ Մենք տեսնում ենք «թավշյա, ոչ բռնի հեղափոխության» միֆի փլուզումը, որը ՄԱԿ-ի ամբիոնից փորձում էր աշխարհին ծախել «ժողովրդի առաջնորդը»։ Միֆը փլուզված է։ Կան շահեր, կա դրվածք, որտեղ «արժեքները» կես կոպեկ չարժեն։

  2. «Մարդու իրավունքների» միֆի փլուզումը։ Վերցնենք զուգահեռաբար ընթացող երկու գործընթաց` Արցախի ծննդատան ռմբակոծումը եւ Նավալնու «թունավորումը»։ «Միջազգային հանրությունը» Ռուսաստանին պատժում է Նավալնիի «մարդու իրավունքների» խախտման համար եւ պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի հանդեպ, սակայն կան կոնկրետ մարդիկ, որոնց իրավունքների խախտման ոչ մի ապացույց պետք չէ բերել, ամեն ինչ հստակ է, սակայն հիվանդանոցի ռմբակոծումից տուժած մարդկանց կյանքի իրավունքի խախտման համար ոչ մի պատժամիջոց չի կիրառվում։ Արցախցի 33 հազար դպրոցականների սովորելու իրավունքները ոտնահարելու համար` նույնպես: Կարող ենք Սիրիայից, Իրաքից եւ բազմաթիվ այլ երկրներից նմանատիպ օրինակներ բերել։ Ինչո՞ւ է այդպես։ Որովհետեւ կան մեծ շահեր եւ դրանք են թելադրում աշխարհի մեծերի գործողությունները։

    Եզրակացություն։ Մարդու իրավունքները կարեւոր են ցանկացած երկրի կայացման համար, բայց դա ներքին խնդիր է ու յուրաքանչյուր արժանապատիվ հասարակություն պետք է ձգտի այդ իրավունքները կատարելագործել: Միջազգային հարաբերություններում «մարդու իրավունքները» խաղաքարտ է, ողջ ցինիկությամբ հանդերձ, թիրախ` երկրներին ճնշելու համար։ Պետք չէ թույլ տալ, որ որեւէ երկիր միջամտի քո ներքին գործերին։ Այս միֆն էլ է սկսվել կործանվել, ինչը կարեւոր է հասուն հասարակություն ձեւավորելու համար։

  3. Կան երկրներ, որոնց հետ անվտանգային գլխավոր շահերը համընկնում են, կան երկրներ, ում հետ չեն համընկնում ու այդ երկրներն այնպիսին են, ինչպիսին կան, եւ ժողովրդավարական, իսլամական, քրիստոնեական ու այլ տիպի որակումները երկրորդական դեր են կատարում։ Կան շահեր, կան աշխարհաքաղաքական բալանսներ, կան դրանց վրա հիմնված կոալիցիաներ ու հակակոալիցիաներ։ Դա մենք ակնհայտորեն տեսնում ենք այս պատերազմի ընթացքում։ «Արժեքները» քաղաքական կատեգորիաներ չեն ու երբեք էլ չեն եղել։ Դա միֆ է։

  4. Ահաբեկչության եւ ծայրահեղականների դեմ առաջավոր հանրության պայքարի միֆը։ Համարյա բոլոր ահաբեկչական կազմակերպությունները, կրոնական եղբայրությունները (ասենք` Թուրքիայում ու Կատարում իշխող «Մուսուլման եղբայրներ» միությունը եւ այլք) ստեղծվել են արեւմտյան հատուկ ծառայությունների կողմից, ու այդ կապը ակնհայտորեն շարունակում են գործել։ Նույն գործով են զբաղված իրենց հարգող ցանկացած լուրջ պետությությունների հատուկ ծառայությունները։ Այդ կազմակերպություններն ընդամենը գործիքներ են, եւ պատահական չէ, որ ՆԱՏՕ-ի «արժեքավոր անդամ» (բնորոշումը ՆԱՏՕ-ի քարտուղարինն է, ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի առանցքային պաշտոնյաներինը) Թուրքիայի կողմից Արցախ գործուղղված ահաբեկիչների փաստը բնականորեն է ընդունվում։ Ընթերցողին չծանրաբեռնելու համար չեմ բերում 19-րդ դարից մինչեւ այժմ եղած հեղափոխական, կրոնական, ազգայնական ու սոցիալ-դոկտրինալ բազմաթիվ շարժումների ստեղծման պատմությունների աստառները։

 

Սա ընդամենի մի քանի միֆեր էին, որոնց ցուցակը կարող ենք շարունակել: Դրանց կործանումը կարեւոր է իրատեսական պետական քաղաքականություն ձեւավորելու, ինչպես նաեւ ներքաղաքական առողջ հարաբերություններ ունենալու համար։

 

Ստեփան Դանիելյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.