Friday, 23 October 2020

F Free Platform

Պետական կառավարման վերին օղակն իր անգործությամբ միացրել է մահվան հոսքագծերը

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

«Կորոնավիրուսից այսօր մահացել է ութ պացիենտ», «կորոնավիրուսից այսօր մահացել է հինգ պացիենտ», «ավտովթարից այսօր մահացել է երեք հոգի»: Մեր աչքը, մեր ականջը սովորում է այս լրահոսին, մենք դադարում ենք դիմադրել, դադարում ենք մտածել, հասկանալ պատճառները, փորձել փոխել իրավիճակը:

Կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցում է հազարը, ավտովթարներից 2019-ին զոհվել է 341, իսկ այս տարվա առաջին կեսին 122 մարդ, եւ սա այն դեպքում, երբ կարանտինի հետեւանքով երթեւեկությունն անհամեմատ թեթեւ էր եւ քիչ ծանրաբեռնված: Խաղաղ պայմաններում մեկուկես տարում կորոնավիրուսից մահացել է ավելի քան հազար, իսկ ավտովթարներից 463 մարդ: Սա այն դեպքում, երբ երկրի իրական բնակչությունը մոտ երեք միլիոն է:

Այս սարսափելի վիճակագրությանը եկավ լրացնելու մեկ այլ սարսափելի եւ Հայաստանի պատմության մեջ չտեսնված իրադարձություն. օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 20-ը մահվան ելքով: Աշխարհագրությունը լայն է՝ 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երեւանում՝ 8-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով:

Փորփրեք արխիվները, եւ կհամոզվեք, որ Հայաստանում ալկոհոլային նման սարսափելի թունավորում չի եղել անգամ իննսունականների սկզբներին, երբ գրեթե տասը հոգուց մեկը տանն օղու արտադրամաս էր հիմնել:

Ակնհայտ է, որ Հայաստանում ինչ-որ կարեւոր մեխանիզմ խափանվել է. եւ այդ մեխանիզմը պետական կառավարման համակարգն է։ Երկու տարի խափանված լինելուց հետո, այն վերածվել է պարզապես մահաբեր մեքենայի: Այս կառավարությունում յուրաքանչյուրն իր սխալների, իր չարած աշխատանքի հետեւանքով, իր կամքից անկախ միացրել է մահերի հոսքագիծը։

Առողջապահության նախարարը տապալեց համավարակի դեմ պայքարը՝ մահերի թիվը կանգ չի առնում, ոստիկանությունը չի նկատում լկտի երթեւեկությունը, փողոցային «բեսպրեդելշիկներին», ոստիկանությունն ուրիշ գործերով է զբաղված, վերահսկողական բազմաթիվ մարմինները չեն ֆիքսում մեթանոլի անարգել վաճառքը երկրով մեկ: Զավեշտ է, բայց մահերի առաջին դեպքերից հետո պետությունը չի կարողանում կանգնեցնել թունավոր սպիրտի շրջանառությունը եւ օգտագործումը։

Կարելի է ասել, որ արմավիրցի Աշոտն է մեղավոր, կամ չինական վիրուսը, կամ հարբած վարորդ եսիմ-ով, բայց դա ճշմարտությունը չէ: Պետական կառավարման վերին օղակն իր անգործությամբ միացրել է մահվան հոսքագծերը: Հանրությունը, քաղաքացիական հասարակությունը, քաղաքական ուժերը այս իրավիճակը պետք է լավ ընկալեն եւ փորձեն կանգնեցնել մեքենան: Անաշխատունակության գինը մարդկային կյանքերն են: Մահերի չդադարող վիճակագրությունը լրահոս չէ, որ կարդանք` անցնենք:

 

Գեղամ Նազարյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.