Saturday, 31 October 2020

F Free Platform

Կառավարության կուտակած անլուծելի խնդիրների շարքից

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Համաշխարհային պրակտիկան համոզում է, որ ցանկացած կառավարություն ունի վսեմ մի առաքելություն` դիմագրավել մարտահրավերներին ու առաջացած խնդիրներին եւ գտնել դրանց լուծումները։ Որքանով կարողանում է դա անել` այնքանով հաջողակ է այդ կառավարությունը: Իսկ երբ դրանք իր համար դառնում են անլուծելի, առաջանում է կառավարման ճգնաժամ` համապատասխան հետեւանքներով։ Առավելապես` շատ ծանր:

Գործող «թավշյա» կառավարության առջեւ այսօր կան մարտահրավերներ, որոնք, կարծես թե, անլուծելի են։ Համենայն դեպս, դրանց լուծումները տեւական տեղապտույտի մեջ են եւ ոչ մի կերպ չեն գտնում իրենց հանգուցալուծումը: Դրանք են․

Ա. Ամուլսարի խնդիրը։ Տնտեսական ճգնաժամը հանգեցրել է նրան, որ տնտեսության հիմքը դարձել է հանքարդյունաբերությունը, որից կախված է բյուջեի համալրումը։ Հանքը բացելու դեպքում կառավարությունն ամբողջապես կկորցնի «գաղափարական հեղափոխականների» իմիջն ու աջակցությունը, ավելին` կդառնա նրանց թշնամին, հայտնվելով «հակահեղափոխականների» առջեւ մեն-մենակ: Իսկ չբացելու դեպքում տնտեսական ծանր վիճակի պատճառով կմնա ընչազուրկ «հեղափոխական լայն զանգվածների» առջեւ` դարձյալ մեն-մենակ։ Չբացելու դեպքում հնարավոր արտաքին հետեւանքներին չանդրադառնանք` այս մարտահրավերը կառավարության համար անլուծելի է։

Բ. Կադրային կնճիռը։ «Ազնիվ քյարպինջների» վրա կառուցված կադրային մարտավարությունը, որը պետք էր «Նոր Հայաստանի» կառուցման հիմքը հանդիսանար, նույնպես բարդություններ է առաջ բերել։ Վարկաբեկելով հին համակարգի հետ որեւէ առնչություն ունեցող նախկին կադրերին` պետական ծառայողներին, կառավարությունը ստիպված էր հենվել մասնագիտական ցածր պատրաստվածություն ունեցող կամ, առհասարակ, պատրաստվածություն չունեցող կադրերի վրա, ինչը չէր կարող ցանկալի արդյունքներ տալ, եւ չտվեց, ինչպես տեսնում ենք։ Ավելին` նոր, «բարձրակարգ պրոֆեսիոնալ» կադրերի հավատարմությունն ապահովելու եւ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար նրանց տպավորիչ պարգեւավճարների բաշխումը լրացուցիչ ծանր բեռ եղավ բյուջեի վրա։ Քանի որ «վերադարձն անցյալին», այսինքն` նախկին կադրերին, կդիտարկվեր որպես հեղափոխության դավաճանություն, ինչպես նաեւ կարող էր խորհրդարանական մեծամասնության փլուզմանը հանգեցնել, այս մարտահրավերը նույնպես անլուծելի է թվում։ Դրա վառ օրինակը ՍԴ նոր անդամների փնտրտուքների հետ կապված դժվարություններն են։

Գ. Արտաքին քաղաքականությունը: Չստանալով «հեղափոխության» համար Արեւմուտքի պարգեւատրումները` ներդրումների ու պետական դրամաշնորհների տեսքով, կառավարությունը մնացել է «հակահեղափոխական» Ռուսաստանի հույսին, ինչը «հեղափոխության» բրենդի համար վարկանիշային լուրջ հարված է։ Մյուս կողմից` դա ենթադրում է որոշակի քաղաքական զիջումներ, ինչպիսին, օրինակ, Լուկաշենկոյին ուղղված շնորհավորանքն էր։ Նման «շնորհավորանքներ» մենք դեռ շատ ենք տեսնելու։ Սա  եւս մարտահրավեր է, որի լուծումն այս կառավարությունը չունի։

Դ. Ներդրումների ասպեկտը։ Մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով ներդրումները ծավալը ձգտում է պատմական նվազագույնին։ Ըստ տրամաբանության, հիմնական հույսը պետք էր կապել Ռուսաստանի հայ մեծահարուստների եւ տեղական բիզնեսի «շնաձկների» հետ, սակայն նրանց, ըստ էության, այս կառավարությունը պատերազմ է հայտարարել` խոստանալով «վեթինգ» ու «հակակոռուպցիոն գործողություններ», ինչը, բնականաբար, այդ դուռը նույնպես փակում է։ Այս մարտահրավերը նույնպես լուծում չունի։

Կապրենք` կտեսնենք: Տա Աստված` ես սխալ դուրս գամ:

 

Դանիել Փանյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.