Saturday, 23 October 2021

F Free Platform

Հո՞ղը, թե փողը. ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Հուլիսի 6-ին հրավիրված էի Արցախի Քաշաթաղի հետ կապված մի քննարկման։ Մանրամասները չեմ պատմի՝ ելնելով բովանդակային հարցերից։ Բայց հերթական անգամ խոր ցավ ապրեցի ինչպես մեր պաշտոնյաների, այնպես էլ բազմաթիվ սովորական քաղաքացիների մանրախնդիր, եսակենտրոն մտածողությունից։

Ես խոսում եմ Բերձոր քաղաքը, Աղավնո եւ Սուս գյուղերը կրկին ամբողջովին բնակեցնելու, կենցաղային պայմաններ, աշխատատեղեր ստեղծելու կարեւորության ու քայլերի մասին, մինչդեռ տեղացիները եւ նրանց համայնքային ղեկավարները ինձ հակադարձում են, թե իրենց հետաքրքրում է միայն փոխհատուցումը։

Քաշաթաղի 52 համայնքների մեծ մասի ղեկավարները եւ բազմաթիվ բնակիչներ մեկ մարդու պես պնդում էին՝ իրենց ու տեղահանված բնակչությանը տալ փող, շատ փող, մնացածը կարեւոր չէ։

Ապշել էի, թե ինչպես կարող են մարդիկ այդքան կապված չլինել հողին։ Հետո հասկացա, որ այս մարդիկ, ախր, վերաբնակեցվածներ են Հայաստանի տարբեր վայրերից, երբեւէ կռիվ չեն տվել հայրենի հողի համար, իրենց ծննդավայրերում հավանաբար ձախողել են եւ որոշել բախտ որոնել որեւէ այլ տեղ, հետեւաբար այդ «որեւէ այլ տեղ»-ը նույնպես չի կարող թանկ լինել։

Ահա թե որտեղից է գալիս փողը հողից շատ սիրելու մարմաջը։

Քաշաթաղի գյուղապետերը ինձ նաեւ մեղադրում են մեզ մնացած երեք բնակավայրերում կյանքը վերականգնելու ձգտումների մեջ՝ նշելով, թե այդկերպ ես խանգարում եմ, որ իրենք փախստականի կարգավիճակ ձեռք բերեն՝ ստանալով շատ փող։

Այս առումով բավական կոշտ եւ հստակ խոսակցություն եղավ Քաշաթաղի վարչակազմի ղեկավարության հետ։ Ես հերթական անգամ պահանջեցի չխանգարել մարդկանց՝ վերադառնալ իրենց տները, քանի որ Բերձորում, Սուսում եւ Աղավնոյում պետք է հայեր ապրեն՝ հանուն Արցախի անվտանգության եւ ապագայի։ Հողը քոնն է նախեւառաջ այնտեղ ապրելով։

Միակ սկզբունքային մարդը Աղավնոյի գյուղապետն է, ում չեն հրավիրում քննարկումների, բայց հենց նա պատերազմի ժամանակ արյան գնով պահեց բնակավայրը, հիմա էլ տարբեր միջոցներով մարդկանց կրկին վերադարձնում է Աղավնո։ Հողը այսպես են պահում, ոչ թե պետությունից անընդհատ փող ուզելով։

Սիրելի քաշաթաղցիներ, անկախ նրանից, թե ինչպիսի պայմաններում եք ուզում այսուհետ ապրել, հիշեք, թե ինչպիսի պայմաններում եք ապրել մինչեւ պատերազմը, ինչպես եք դժվարություններով Բերձորը ոտքի հանել, ինչպես եք մյուս գյուղերը վերակառուցել եւ ապրել այնտեղ։ Դժվար էր, բայց դուք արեցիք։ Արեք նաեւ այս անգամ՝ առանց մտածելու, թե 3-5 տարի հետո ինչ կլինի։ Ոչ մի վատ բան էլ չի լինի, եթե այնտեղ դուք ապրեք, իսկ եթե 3000-ոց Բերձորում լինի 50-100 հայ, վստահ եղեք, այնտեղ մենք այլեւս տեր չենք լինի։ Խնդրում եմ, հանեք ձեր միջից գաղթականի հոգեբանությունը։

Վերադարձեք Բերձոր, ինչքան էլ ձեզ տեղական իշխանիկները սպառնան, թե չի կարելի։ Ոչ ոք իրավունք չունի ձեզ արգելել, այդ թվում՝ ռուսները։ Կա ընթացակարգ, եւ դա պահելու դեպքում վերադառնալու որեւէ խնդիր չեք ունենա։ Սա ես ասում եմ վստահաբար եւ պաշտոնական աղբյուրներով։ Եթե Բերձորում կրկին շատ հայեր ապրեն, արագ կվերաբացվեն դպրոցները, մանկապարտեզները, հիվանդանոցը եւ մյուս պետական հաստատությունները։

 

Նաիրի Հոխիկյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.