Հունիսի 7-ի կեղծված ընտրությունների ժամանակ եղբայրս ընդդիմության կողմից վստահված անձ էր Մարտունու Լիճք գյուղի 21/7 ընտրական տեղամասում։ Քվեարկության ժամանակ ընտրախախտում է նկատում ՔՊ-ի ներկայացուցիչների կողմից, ինչն էլ արձանագրում է։
Րոպեներ անց, երբ դուրս է գալիս տեղամասից՝ խանութ գնալու, եղբորս մոտենում է Մարտունու հիվանդանոցի վիրաբույժ, ՔՊ-ական Սիրակ Սիրականյանը եւ հաշիվ պահանջում ապօրինության արձանագրման համար, այդ պահին թիկունքի կողմից արագաքայլ մոտենում է Լիճքի վարչական ղեկավար, ՔՊ-ական մեկ այլ Սիրակ Սիրականյան ու անսպասելի հարվածում եղբորս, վայր գցում։
Մի քանի ՔՊ-ական խուլիգաններ մոտակայքից վրա են տալիս, հարվածներ հասցնում եղբորս եւ փախչում այդ վայրից՝ լավ իմանալով, որ եղբորս ընկերներն ուր-որ է՝ օգնության կգան, եւ չէին հասցնի փախչել, տեղում կստանային իրենց պատիժը։ Դե, թիկունքից հարձակվելը ՔՊ-ական ոհմակի համար բնորոշ վարքագիծ է։
Նշված երկու Սիրակները Լիճք գյուղից են։ Չեմ ուզում նրանց բնութագրական բառեր ասել, որովհետեւ բոլորին էլ պարզ է, թե ինչ տեսակի մարդիկ են։ Ի վերջո, այդ երկուսն այդքան չկան, որպեսզի ես կամ եղբայրս նրանց ուշադրության արժանացնենք: Սակայն պարզ է մեկ այլ բան, որ այս երկուսն էլ ՏԿԵՆ նախկին նախարար Գնել Սանոսյանի մտերիմներն են, այլ կերպ ասած՝ այդ երկու Սիրակները նույնիսկ հաց չեն ուտում առանց Գնելին տեղյակ պահելու։
Ցավով պիտի ասեմ, որ Գնելը իմ ազգականն է՝ իմ քեռորդին։ Միասին մեծացել ենք, եղբոր նման ենք եղել, բայց մեր ընտանիքը 2021-ին մերժեց բոլոր այն մարդկանց, որոնք ուրացան Արցախն ու հայրենիքը, իսկ Գնել Սանոսյանն այդ ժամանակվանից ՔՊ-ի կարկառուն ներկայացուցիչներից էր։
Մեր ընտանիքը 2021-ից խզել է բոլոր կապերը Գնել Սանոսյանի ընտանիքի հետ, իսկ ես լռել եմ Գնելի հետ իմ ազգակցական կապի մասին, որովհետեւ դա իմ ամոթն է։ Լռել եմ, որ մարդիկ իմ ներկայությամբ Գնելին ուղղված չհայհոյեն, իսկ երբ հայհոյել են, խնդրել եմ չանել դա, որովհետեւ արյունը ջուր չի դառնում։ Ցավոք, Գնել Սանոսյանի արյունը ջուր է դարձել։
Ֆիքսում ենք այս փաստը, անցնում առաջ ու պլանավորում մեր օրինական գործողություններն ինչպես Սիրակների, այնպես էլ նրանց հովանավոր տերերի նկատմամբ:
Նաիրի Հոխիկյան

