Saturday, 18 May 2024

F Free Platform

Աստծուց ճառագող լույսը…

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Հրավիրված էի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ (ԵԹԿՊԻ) «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակում դիտելու «ՊատԵրազ՚մ» ներկայացումը։ Պարտավորված զգացի մասնակցելու, երբ հրավեր էի ստացել Մարտակերտի՝ մեր դպրոցի շրջանավարտ Վահագն Սաղաթելյանից, որին դպրոցում դասավանդել էի հայոց լեզու եւ գրականություն։ Դեռեւս դպրոցական տարիներից էի նկատել Վահագնի դերասանական շնորհքը եւ նրա ձգտումը՝ ընդունվելու բուհի թատերական բաժին։

Մտերիմ մարդկանց հանդիպելը մի նոր բարձր տրամադրություն փոխանցեց ինձ։ Հրավիրված էր մեր դպրոցի տնօրեն Ռուզաննա Հարությունյանը, ով Վահագնին դասավանդելու տարիներին այդ դասարանի դասղեկն էր։ Նա այցելել էր դստեր՝ մեր դպրոցի շրջանավարտ Անուշ Գյուրջյանի հետ։ Այդտեղ էր Վահագնի եղբայրը,  որի դասղեկն էի դպրոցում եւ որն ընտանիքով իմ հարեւանությամբ էր ապրում Մարտակերտում։

Վարդանին, Անժելիկային, նրանց փոքրիկին՝ Հովհաննեսին, տեսնելն ինձ մտովի տարավ Մարտակերտ, իսկ ներկայացումը Արցախի պատերազմի մասին էր, որը ցավոտ ու թախծախառն խռովքով է պարուրում մեզ։ Այդտեղ էին Վահագնի ծնողները, նրանց մտերիմ ու հարազատ մարդիկ։ Անակնկալներ կային նոր ծանոթությունների տեսքով, նաեւ ուրախալի էր այդ բուհի կինոյի բաժնի ուսանողուհի Մալենա Մուսայելյանին տեսնելը, որի դասղեկն եմ եղել տարիներ շարունակ։

Մինչ ներկայացման դիտելը օրեր առաջ լսել էի  «ՊատԵրազ՚մ» գործի հեղինակ եւ դերասան Վահագն Սաղաթելյանի ու բեմադրիչ Էլմիրա Սոլոյանի հարցազրույցները տարբեր հաղորդաշարարում։ Իմացա, որ  ներկայացումն Արցախյան պատերազմի մասնակից տղայի մասին է, ով տեսել է նաեւ քառօրյա պատերազմը։ Ներկայացումը նրա հույզերի, ապրումների մասին է, կորցրած հայրենիքի ու հիշողությունների մասին։ Իր տեսանկյունով՝ հայրենիքի ընկալման մասին է։

 ԵԹԿՊԻ ուսանող Վահագն Սաղաթելյանի մոնոներկայացման հերոսը հենց ինքն է, ով Ապրիլյան պատերազմով է անցել, երբ 15 տարեկան էր, ով Մարտակերտում առաջին անգամ առերեսվել է պատերազմի չարիքին։ Ու պատերազմներ՝ 44-օրյա, Արցախի շրջափակում, նոր դառնություններ, որ ուղեկցվեցին 24-ժամյա մի նոր պատերազմով եւ բռնատեղահանությամբ։ Հերոսը մենակ չէ, իր ծնողներն են շուրջը, եղբայրը՝ ընտանիքով, նոր ծնված մանկան ավետիսով, ովքեր Արցախի կորստից հետո հաստատվել են Հայաստանում։

Դերակատարը մեկն էր, ով իր վրա էր վերցրել թատերական հնարքներով իր շարժումներին, խոսքին, դիմախաղին բնական տեսք տալու մի ամբողջ ծանրություն։ Զգացինք, որ նա խաղում է, դերի մեջ է, պատերազմներով անցած մեր դառը  ճակատագրի նկարագրողն էր դարձել բեմահարթակում, ում  հետեւում էինք քար լռությամբ։ Նա կարողացավ ներգործել հանդիսատեսի վրա, մեր թաց աչքերն այդ ազդեցության արտահայտությունն էին։

Նայում էի մոնոներկայացման կերպարին, զգում Արցախի երեխաների հոգու խռովքը, այն սարսափելի ապրումները, որով անցել է նրանցից յուրաքանչյուրը։ Ինձ նորից պատկերանում են այն 30 հազար երեխաները, որոնց մանկությունն ու պատանեկան կյանքը խաթարվեցին պատերազմներով, սովահարությամբ, շրջափակման բազում աղետներով, երբ նրանք ցանկանում էին անհոգ կյանք ունենալ աշխարհի միլիոնավոր երեխաների նման։

Լուսավոր է հերոսի տեսլականը գալիքի հանդեպ, որտեղ կանաչ գույնը նոր զարթոնքի խորհրդանիշն է, որ կրում է իր հոգում, եւ այն տարիներ շարունակ երեւում է նրան հոր զինվորական հագուստի կանաչ գույնի մեջ, ցույցի ժամանակ իր հանդիպած սիրուն աղջկա աչքերում։

Պատերազմը չարիք է, որը նորօրյա սպառնալիքներով կախված է երկրի գլխին, հայրենին մաս-մաս կորցնելու վտանգն է մերօրյա դառնում ու մեզ տանում դեպի Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք: Ներկայացման հիմքում հայրենին սիրելու եւ այն պաշտպանելու գաղափարն է, արտագաղթի մերժումը, Արցախ վերադառնալու հույսն ու հավատը, Աստծուց ճառագող լույսը…

 

Նատաշա Պողոսյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.