Tuesday, 30 April 2024

F Free Platform

Գերված Արցախ. թշնամու թիրախում մեր հուշարձաններն են

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ամեն օր բռնազավթված Արցախում անարգվում են մշակութային օջախներ, գերեզմաններ,  հոգեւոր տաճարներ, եկեղեցիներ, հուշարձաններ:

Այս անգամ ազերիների թիրախում է հայտնվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանու մայր տաճարը։

44-օրյա պատերազմի ժամանակ, Ստեփանակերտում պատսպարված լինելով հյուրանոց-ապաստարաններից մեկում, հնարավորություն ունեցա լինել այդ սուրբ տաճարում։

2020-ի հոկտեմբերի 18-ին էր` պատերազմի 22-րդ օրը։ Զեմֆիրա Աբրահամյանը, ով շատ մտերիմ ու հարազատ էր մեզ այդ նոր ընտանիքում, ինձ առաջարկեց գնալ եկեղեցի։ Համաձայնվեցի, բայց անհանգիստ ապրումներով` իսկ եթե սկսեն հրետակոծե՞լ… Անհանգստությունս փարատվեց, երբ ասաց, որ մեքենայով կգնանք եւ շուտ կվերադառնանք։

Անակնկալը մեծ էր, երբ մեր կողքին մոր եւ տատիկի հետ ապաստանած այս երեխան` Նորիկը, ուրախությամբ մտավ մեքենան, ու հասկացրեց, որ ինքն էլ է ուզում մեզ հետ եկեղեցի գալ: Եվ ինչպիսի՜ բարձր տրամադրություն եւ ուրախություն հոգեկան հիվանդությամբ տառապող, շատ բարի այդ երեխայի համար, երբ համաձայնվեցինք իրեն նույնպես տանել։

Քաղաքի փողոցներում մարդ չէր երեւում։ Կարելի է ասել՝ դատարկված էր Ստեփանակերտը, բացառությամբ ապաստարանների, բնակելի շենքերի նկուղների, որտեղ, քիչ թե շատ, մարդիկ կային։

Եկեղեցու մոտ մարդիկ երեւացին, կողքից հիշեցրին, որ Սուրբ Հովանու տաճարի նկուղում են պաշտպանվում ռմբակոծությունից։ Երբ ներս մտանք, ներսուդուրս անող հատուկենտ մարդիկ երեւացին, որ մոմ էին վառում՝ աղոթքի մրմունջներով, խոնարհումով:

Կարծես՝ թեթեւացած հոգով դուրս եկանք եկեղեցուց, մի նոր հավատով, որ մեր մրմունջները  հասանելի կլինեն Աստծուն, որոնք հայրենիքի փրկության, զինվորի կյանքի համար էին։

 Չգիտեինք, որ նենգ թշնամին դեռ աղետներ է բերելու մեր գլխին՝ նոր զոհերով, հայրենյաց կորուստներով, մեր բռնատեղահանությամբ:

Նոյեմբերի 7-ին թողեցինք Ստեփանակերտը… Օրեր անց` նոյեմբերի 24-ին, ընտանիքով  վերադարձանք Մարտակերտ։ Գոնե այն ժամանակ գոհ ու շնորհակալ էինք Աստծուն այնքանով, որ մեր վերադարձով մի նոր վերածնունդ պարգեւեց մեզ: Այդ զգացողությունը, ցավոք, երկար չտեւեց: Վայրագ թշնամին այժմ պղծում է մեր հոգեւոր արժեքները, եւ նրա արյունոտ ձեռքը բռնող չկա:

 

Նատաշա Պողոսյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.