Հինգշաբթի, Մայիսի 02, 2024

Շաբաթվա անցուդարձ

6-13 ապրիլի 2024թ.

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Շաբաթվա ամենաաղմկոտ թեման Ազգային ժողովի ապրիլի 10-ի հիմնական նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթի շուրջ էր, որի ընթացքում նա ՀՀ կառավարության ծրագրի 2023թ. կատարողականի մասին զեկույցը, ինչպես շատ անգամներ, շաղկապեց օրակարգին բնավ չառնչվող վիճահարույց մի խոսույթի՝ այս անգամ «պատմական» Հայաստանի եւ «իրական» Հայաստանի հակադրության թեմայի հետ: Փաշինյանն արհեստական հակադրություններ ստեղծելու անմրցելի վարպետ է՝ դա շատերը գիտեն, բայց այս անգամ նա գերազանցեց անգամ ինքն իրեն՝ ցուցադրելով բարբաջանքների, անհեթեթությունների, անիմաստ ու սնամեջ դատողությունների «մաստեր-կլաս»:

«Ամենամյա այս ձեւաչափի առանցքային իմաստը հարցի պարզաբանումն է, թե ինչ է մեզ հետ տեղի ունեցել/ունենում եւ որտեղ ենք հասել կամ որտեղ ենք գտնվում»,- այսպիսի բազմանշանակ նախաբանով սկսեց իր զեկույցն ու հրապարակ նետեց հերթական կեղծ, արհեստածին եւ էությամբ հակահայ թեզը՝ պատմական եւ իրական Հայաստանների տարանջատման գաղափարը: Միտքը հանգում է հետեւյալին՝ պատմական Հայաստանը խանգարում է իրական Հայաստանի զարգացմանը, եւ այսպես շարունակվելու դեպքում «պատմականը» կարող է կործանել կամ կլանել «իրականին»: Եվ որպեսզի դա տեղի չունենա, պետք է տարանջատվել պատմականից, մոռացության գիրկը նետել նրան:

Նորություն չէ, որ ՀՀ վարչապետի աթոռին տիրացած անձը տարբեր մանիպուլյատիվ միջոցներով առաջարկում է մի կողմ նետել հայկական պատմական անցյալը՝ որպես հնացած մի իր, եւ նորակերտ Հայաստանի պատմությունը սկսել բացառապես մաքուր էջից, իբրեւ «թափ-թազա» հայկական պետականություն՝ հիմնադրված 2018-ին, Նիկոլ Վովայի Փաշինյանի կողմից: Այս ամենը կարող էր դոնկիխոտություն թվալ, եթե չլինեին «կադաստրի թղթի», «Հայոց-Հայաստան»-ի, «Արարատ-Արագած»-ի հակադրությունների, Սահմանադրության, Հռչակագրի, զինանշանի, օրհներգի, հայագիտական ուսումնական ձեռնարկների փոփոխությունների մասին նրա նախաձեռնած բազմաթիվ բանավեճերը, իսկ իրականում՝ ցնդաբանությունները:

«Պատմական Հայաստան, Իրական Հայաստան» պատմույթի գեներացումը եւ դրա համատեքստում էլ՝ «հայ-թուրքական հարաբերություննե՞ր», թե՞ «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ» նոր երկընտանքի առաջքաշումը փաշինյանական բառախաղային հնարքներից կամ «կոդերից» հերթականն է, որն ուղղված է երկու հիմնական թիրախի՝ մի կողմից հասարակության ուշադրությունն օրվա հրատապ թեմայից՝ մասնավորապես տավուշյան վտանգավոր զարգացումներից շեղելուն, մյուս կողմից՝ պետականաքանդման քաղաքականության համար արդարացումներ փնտրելուն եւ ՔՊ-ի բոլոր ձախողումները անցյալի ու ներկայի փոխկապակցվածությանը վերագրելուն:

Որ հնի ու նորի կապը պետք է կտրել՝ Փաշինյանն ակնարկել է զեկույցի նախաբանում՝ նկատելով, որ 2021-ից ի վեր ԱԺ դահլիճում տեղի ունեցած հարցուպատասխաններն ու բանավեճերն իրեն հետաքրքիր մի մտքի են մղել՝ այդ քննարկումները հայեցակարգային, բովանդակային եւ ռազմավարական լրջագույն խորք ունեն, «որովհետեւ, մեծ հաշվով, այդ բանավեճերում բախվում են երկու տեսակետ, հայեցակարգային եւ ռազմավարական երկու պատկերացում, որոնցից մեկը կարելի է տեղավորել «պատմական Հայաստան», մյուսը՝ «իրական Հայաստան» բանաձեւերի ներքո»: Այսպիսի մի քանի կապեր կտրելով, կտրելով (օրինակ՝ Արցախի հետ, Սփյուռքի հետ, հոգեւորի ու մշակույթի հետ կապերը)՝ Փաշինյանը վայ թե մի օր էլ հասնի մարդկանց թլպատելուն:

 

Նախորդ աշխատանքային շաբաթավերջին՝ ապրիլի 5-ին, Բրյուսելում մեկնարկեց ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի, Միացյալ նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկար սպասված հանդիպումը, որը բուռն քննարկումների ու տարակարծությունների տեղիք տվեց: Եռակողմ հանդիպման հիմնական արդյունքը, որի մասին հայտարարվեց, Հայաստանին ցուցաբերվող մոտ 340 մլն դոլարի չափով աջակցությունն է: Կամ, ավելի ստույգ, այդչափ գումարի խոստումը՝ Բրյուսելի կողմից՝ 270 մլն եվրոյի, իսկ Վաշինգտոնի կողմից՝ 65 մլն դոլարի խոստումը:

Աջակցությունը նախատեսված է գլխավորապես ՀՀ տնտեսության ամրապնդման եւ 2018-ից այս կողմ կատարվող ժողովրդավարական բարեփոխումների համար: Ընդ որում՝ նշված գումարը, որը տրվելու է ոչ թե միանվագ, այլ առաջիկա 4 տարվա ընթացքում մաս առ մաս, պետության համար շատ չնչին թիվ է: Պատկերավոր ասած՝ չարժեր այդքան գումարի համար զօրուգիշեր Եվրոպա ու Արեւմուտք թմբկահարել, չարժեր անգամ դրա համար Բրյուսել հասնել: Իշխանական մի քանի մեծահարուստներ գրպանները թափ տային՝ այդքան կհավաքվեր: ՀՀ-ի գրեթե $12 մլրդ պետական պարտքի խորապատկերին իշխանությունների ակնկալիքը մոտավորապես $2-2.5 միլիարդ էր:

Թե քառամյա ժամանակահատվածում $350 մլն գումարը որքանով կարող է բարեփոխել մեզանում իրապես գոյություն չունեցող ժողովրդավարությունը եւ/կամ ամրապնդել մեր փլուզված տնտեսությունը՝ դժվար է ասել: Բայց մի բան հստակ է՝ այդ ընթացքում Երեւանի կալանավայրերում քաղբանտարկյալների թիվը չի պակասի, իսկ Հայաստանը կկորցնի ԵԱՏՄ-ի շուկան, որտեղից տարեկան միլիարդավոր գումարներ են հոսում երկիր: Դատեք ինքներդ՝ եթե Եվրոպայից ՀՀ-ի տնտեսական կախվածության ցուցանիշը չի հասնում նույնիսկ մեկ տասնյակ տոկոսի, ապա ՌԴ-ից այդ կախվածությունն արդեն հատել է 45 տոկոսի նիշը: Ընդսմին՝ բավական պատկառելի այդ կախվածությունը գործող իշխանության բերած «բարիքն» է:

Այսպիսով՝ Բրյուսելի եւ Վաշինգտոնի խոստացած գումարով, ինչպես տեսնում ենք, ՀՀ-ում ոչ մի լուրջ ճեղք չի փակվում, մանավանդ եթե հատկացված դրամաշնորհը Երեւան կառաքվի ըստ տրանշների՝ տարեկան 85 միլիոն դոլար: Այլ խոստումներ եւս տվեցին մեր արեւմտյան «փրկիչները». օգնելու, սատարելու մի քանի ճոռոմ հայտարարություններ՝ դարձյալ շրջանցելով մեզ համար ամենակարեւորը՝ անվտանգության երաշխիքները: Այս համատեքստում միակ բանը, որ խոստացան, Երեւան «ոչ մահաբեր» զինատեսակներ ուղարկելն էր: Հավանաբար՝ խաղալիք-ատրճանակներ կամ պարսատիկներ: Փոխարենը հանդիպման նախօրեին Բլինքենը եւ Լայենը հեռախոսազրույցներ ունեցան Բաքվի սուլթանի հետ՝ նրան հանգստացնելով, որ եռակողմ հանդիպումն Ադրբեջանի դեմ որեւէ սպառնալիք չի պարունակում՝ թող հանգիստ լինի:

Բրյուսելում ապրիլի 5-ի հանդիպման հետ մեծ հույսեր փայփայող ՔՊ-ական խմբակն ու նրա արբանյակները խորը հիասթափություն ապրեցին միջոցառման գրեթե զրոյական արդյունքից: Որպես սփոփանքի խոսք՝ Նիկոլ Փաշինյանը փորձեց մեղմել յուրայինների տվայտանքները՝ հայտարարելով. «Այսօրվա երկխոսությունը նշանակում է Հայաստանի ընդլայնվող գործընկերություն ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ»: Բրյուսելյան գործընթացի ավելի սեղմ ու դիպուկ բնորոշումը կարելի է գտնել ժողովրդական բանահյուսության մեջ՝ ահա դրանցից մեկը. «Լեռը երկնեց՝ մուկ ծնեց»:

 

Ապրիլի 8-ի լրահոսն ավետեց հաճելի նորությունը՝ հուրախություն ՀՀ հանրության ու բարի կամքի մարդկության եւ ի ցավ ներքին ու արտաքին թշնամիների. հասարակական-քաղաքական նշանավոր գործիչ, Արցախի նախկին պետնախարար, այժմ Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանն իր բարեգործական եւ մարդասիրական արգասավոր գործունեության համար ներկայացվել է 2024թ.-ի Խաղաղության նոբելյան մրցանակի։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատել են Ռուբեն Վարդանյանի երեւանյան գրասենյակից:

«Հեղինակավոր անձանց կողմից Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է այդ բարձր մրցանակին՝ շուրջ հինգ տասնյակի հասնող կրթական, բարեգործական, գիտական ու մարդասիրական նոր, աննախադեպ կառույցների ստեղծման եւ օժանդակման համար՝ ոչ միայն ՀՀ-ում, այլեւ մի շարք այլ երկրներում: Տպավորիչ ու միջազգային գնահատանքի արժանի են համարվել Վարդանյանի կերպարը՝ որպես մարդասերի ու բարերարի, նրա հետեւողական ջանքերը՝ ուղղված անգամ պատերազմների, ֆինանսական, քաղաքական ճգնաժամերի ընթացքում մարդասիրական, եւ բարեգործական ու սոցիալական ծրագրերի միջոցով երկարատեւ կայունության եւ զարգացման գործիքների ներդրմանը»,- հայտնել են Վարդանյանի գրասենյակից։

Հիշատակվել է նաեւ Վարդանյանի գործունեությունը շրջափակված Արցախում, որտեղ նա կենսապայմանների բարելավման հնարավորություններ է ստեղծել դժվար վիճակում հայտնված անձանց ու երեխաների համար։ Նրա հեղինակային խոշոր նախագծերից է «Ավրորա» մարդասիրական ձեռնարկը, որն ուղղված է աշխարհի բոլոր անկյուններում օգնության ձեռք մեկնելու բոլոր նրանց, ովքեր վտանգելով սեփական կյանքը՝ բարիք են գործում: Նամակում կարեւոր է համարվում այն, որ Վարդանյանը հարգալից է եղել ոչ միայն իր ժողովրդի ու կրոնի, այլեւ այլոց ժառանգության նկատմամբ: Դրա վառ օրինակը նրա նախաձեռնությամբ վերանորոգված Շուշիի իրանական մզկիթն է:

Ի դեպ՝ Նոբելյան մրցանակի թեկնածուներ առաջադրելու իրավասությամբ օժտված են տվյալ մրցանակի դափնեկիրները, երկրների կառավարությունների ու խորհրդարանների ներկայացուցիչները, Հաագայի արդարադատության միջազգային դատարանի անդամներ, ակադեմիական շրջանակների անվանի մարդիկ եւ այլք: Առաջադրողները կարող են չհրապարակել իրենց անունները:

Ռուբեն Վարդանյանն այժմ ադրբեջանական գերության մեջ է։ Նա ձերբակալվել է 2023-ի սեպտեմբերի 27-ին՝ Հակաարիի կամրջի ադրբեջանական անցակետում։ Ադրբեջանի իշխանությունները Ռուբեն Վարդանյանի նկատմամբ երեք շինծու հոդվածով մեղադրանք են առաջադրել։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել «ահաբեկչության ֆինանսավորման, զինված ստորաբաժանումներ եւ/կամ խմբեր ստեղծելու ու դրանց մասնակցելու, ինչպես նաեւ Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու» հոդվածներով։ Վարդանյանից բացի, ադրբեջանական գերության մեջ են Արցախի 8 ներկա եւ նախկին պաշտոնյաներ, այդ թվում՝ նախկին 3 նախագահները, ԱԺ խոսնակը, բարձրաստիճան 2 զինվորական, 22 զինծառայող, քաղաքացիական եւ այլ անձինք:

Ռուբեն Վարդանյանի՝ Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրվելը սառը ցնցուղ էր շատերի, հատկապես Արցախում նրա ներկայությունը ծանր տարած Իլհամ Ալիեւի եւ ՀՀ-ում վերջինիս ծպտյալ գործակալների համար:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Ապրիլի 9-ին ԱԺ-ի մոտ արտակարգ անվտանգային միջոցառումներ էին իրականացվել։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ շենքի հարեւանությամբ ավելի քան 10 ավտոբուսով ոստիկանական ուժեր էին բերվել, այդ թվում՝ կարմիր եւ սեւ բերետավորներ։ Հիշեցնենք, որ «Միասին» շարժումն այդ օրն ակցիա էր նախաձեռնել ԱԺ-ի մոտ՝ Նիկոլ Փաշինյան հրաժարականի պահանջով, իսկ մինչ այդ ԱԺ խմբակցություններին էր հանձնվել իմպիչմենտի պահանջագիրը:

Երեւանը ապրիլի 8-ին պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի մասին ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ հայտնելով այդ մասին, ԱԳՆ մամուլի խոսնակը նշել է, որ խոսքը պայմանագրի նախագծի առաջարկների 8-րդ խմբագրության մասին է։ Հիշեցնենք, որ օրերս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել էր, թե Երեւանն ու Բաքուն պայմանագրի կնքման շուրջ բանակցություններում մի շարք փոխադարձ համաձայնությունների արդեն եկել են, բայց երկու հիմնական հարցի վերաբերյալ կողմերի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից։ Դրանք են՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման ու հետագա սահմանազատման գործընթացը եւ ենթակառուցվածքների ապաշրջափակումը:

Մայր Աթոռն ապրիլի 9-ին հայտարարություն էր տարածել՝ իր մտահոգությունը հայտնելով, որ ՀՀ իշխանությունները պատրաստվում են Տավուշի մարզից տարածքներ հանձնել, ուստի Եկեղեցին կոչ է անում հրաժարվել պարտվողական գործելաոճից եւ, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը, ձեռնպահ մնալ Տավուշի մարզից տարածքներ հանձնելուց: «Պարտվողական մոտեցմամբ, տարածքային ցավալի հերթական զիջումներով, ըստ էության, հաչս միջազգային հանրության՝ օրինակարգացվում են ՀՀ տարածքների նկատմամբ Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը եւ դատապարտելի հավակնությունները,- մասնավորապես ասված է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հայտարարության մեջ:

Հայաստանում Եվրամիության մշտադիտարկման առաքելության գործունեությանը, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման տնտեսական բաղադրիչին են անդրադարձել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եւ ԵՄ խորհրդի քաղաքական եւ անվտանգային հարցերի կոմիտեի պատվիրակությունը ապրիլի 8-ին Երեւանում կայացած հանդիպման ժամանակ: Տնտեսական բաղադրիչի ներքո Միրզոյանը շեշտել է Տնտեսական ու ներդրումային պլանի ուղենիշային նախաձեռնությունների կենսակոչման ու նոր՝ «Հայաստանի դիմակայունության եւ աճի» ծրագրով ընձեռնվող հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի ուղղությամբ առաջընթացի ապահովմանը:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի կալանքի տակ մնալ եւս երեք ամիս: Ապրիլի 11-ին նման որոշում է կայացրել Հակակոռուպցիոն դատարանը: Աշոտյանին ազատության մեջ տեսնելու համար ընդդիմադիր 30 պատգամավոր երաշխավորություն էր ներկայացրել, որը դատավոր Վահե Դոլմազյանը մերժել է: ՀՀԿ փոխնախագահը կալանքի տակ է արդեն 10 ամիս։ Նա մեղադրվում է կրթության նախարար եղած ժամանակ իրեն վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպեսեւ պաշտոնական անփութություն կազմակերպելու համար։ Աշոտյանը մեղադրանքը չի ընդունում՝ թե՛ ինքը, թե՛ թիմակիցները հայտարարում են, որ նա քաղբանտարկյալ է, կալանավորվել է իշխանությանը քննադատելու համար։

Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունն ապրիլի 10-ին իր 2000-րդ պարեկությունն իրականացրեց սահմանամերձ շրջաններում։ Ըստ առաքելության X-ի էջի՝ դիտորդներին հանձնարարված էր մշտադիտարկում իրականացնել հայ-ադրբեջանական սահմանին հայկական կողմից եւ զեկուցել իրավիճակը։ Նշվում է, որ առաքելությունը պարեկություն է իրականացնում 6 հենակետից՝ Եղեգնաձորի, Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Մարտունիի եւ Իջեւանի բնագծերից:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: