ՌԱՀՀԿ-ը վերլուծեց էլէներգիայի թանկացման հետ կապված զարգացումները

9 հուլիսի 2015թ., Երեւան: Այսօր ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) անցկացրեց Կլոր սեղանի շուրջ սեմինար-քննարկում, որի թեման էր՝ «Էլեկտրաշոկ. հնարավո՞ր են արդյոք քաղաքական փոփոխություններ Հայաստանում»: Օրվա ամենահրատապ խնդրի՝ էլեկտրաէներգիայի թանկացմանն առնչվող օրակարգի շրջանակում հրավիրված էին փորձագիտական մակարդակով ոլորտին տիրապետող անձինք, քաղաքագետ-վերլուծաբաններ, երիտասարդական նախաձեռնությունների ակտիվիստներ, լրագրողներ եւ հանրության այլ շերտերի ներկայացուցիչներ:

Սեմինարին մասնակցում էր նաեւ ՌԱՀՀԿ հիմնադիր տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը:

Բացելով քննարկումը, ՌԱՀՀԿ հանրային կապերի մասնագետ Աշխեն Մուշեղյանն ասաց. «Հունիսին ծավալված «Ոչ՝ թալանին» երիտասարդական նախաձեռնությունն ընդամենը մեկ-երկու շաբթում արմատապես փոխեց Հայաստանի ներքաղաքական խճապատկերը: Գործող իշխանությունները վերջին տարիների ընթացքում առաջին անգամ անզոր գտնվեցին ստեղծված իրավիճակի հանդեպ, որի վկայությունը Բաղրամյան պողոտայի կաթվածահարությունն էր»:

«ԷլեկտրաԵրեւանի» փաստը քաղաքացիական անհնազանդության տեսության դիտանկյունից արծարծեց քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը` զեկույցի տեսական մասը լրացնելով այլ երկրներում հանդիպած համանման իրավիճակների փորձով: Ըստ նրա, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածը «քաղաքացիական անհնազանդության արշավ» էր, որն ուներ իշխանությունների վարած որոշակի քաղաքականությանն առնչվող կոնկրետ նպատակ: «Էլեկտրաէներգիայի սակագինը 6,93 դրամով բարձրացնելու վերաբերյալ ՀԾԿՀ-ի որոշման չեղարկման պահանջն իրականում առիթ է, իսկ պատճառը կուտակված դժգոհություններն են երկրում տիրող անարդարություններից, կոռուպցիայից եւ հակահասարակական մի շարք այլ երեւույթներից, որոնք գնալով ծանրացնում են ժողովրդի սոցիալական բեռը»,- շեշտեց Վարդանյանը:

Իսկ կարո՞ղ են հայաստանյան հուզումները վերածվել լայնածավալ քաղաքացիական շարժման: Այս թեմայի համատեքստում հաջորդ զեկուցողը՝ ՌԱՀՀԿ գիտական մասի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը միանգամայն տրամաբանական համարեց, որ երկրի հասարակությունը բազմաշերտ երկխոսություն է սկսել առկա իրադրության իմաստի ու էության եւ դրա զարգացման հեռանկարների շուրջ: «Եթե մարդիկ կարողանան հնարավորինս հստակ ձեւակերպել ու ներկայացնել խնդիրը եւ իշխանությունների համար ստեղծել անելանելիության վիճակ, ապա համազգային շարժումը կդառնա անխուսափելի, որովհետեւ նրա շարքերը շատ արագ կարող են ստվարանալ՝ իրական սպառնալիք ստեղծելով վարչակարգի համար»,- համոզմունք հայտնեց Սարգսյանը:

Զեկուցումների շուրջ ծավալված հարցուպատասխաններին եւ կարծիքների փոխանակմանը մասնակցեցին ՌԱՀՀԿ հիմնադիր տնօրեն Րաֆֆի Հովհաննիսյանը, հասարակական-քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության ներկայացուցիչ Նաիրա Սուլթանյանը, քաղաքագետներ Հայկ Բալանյանը, Սարո Սարոյանը, ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչ Արմեն Ղազարյանը եւ ուրիշներ: