Պատասխանատվության ինստիտուտը չի կայանում, որովհետև կայացել է արդարանալու ինստիտուտը

Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը

Պարոն Սարգսյան, որքանո՞վ է Հայաստանում գործում պատասխանատվության ինստիտուտը։ Տեսակետ կա, որ և իշխանությունը, և ընդդիմությունը երբևէ չեն կրել պատասխանատվություն իրենց գործողությունների համար, ինչն էլ հանգեցրել է այս վիճակին։

Այս թեման կարևորագույն թեմաներից է Հայաստանի քաղաքական կյանքում։ Ընդհանրապես մեր քաղաքական կյանքում նման բան չի ընդունվում։ Եթե գործող վարչակարգի մասին խոսենք, տասնամյակներ շարունակ այնպիսի մի դեմագոգիա է դրվել, որն ընդհանրապես տեղ չէր թողնում որևէ մեկին պատասխանատվության հարց բարձրացնելու համար։ Անպայման ձևեր գտնում էին քողարկելու այդ թեման՝ հիմնականում մեղադրելով կամ ընդհանրապես շանտաժի ենթարկելով։ Ցանկացած դեպքում, եթե փորձեք ասել, որ սա ժողովրդի շահից կամ պետության շահից չի բխում, ձեզ անպայման կմեղադրեն, որ դուք տեղյակ չեք, որ ձեր ասածը շատ վտանգավոր է, դրա հետևանքները շատ վատ կլինեն: Ցանկացած այլ կարծիք միանգամից նենգափոխում են և ներկայացնում որպես շատ վտանգավոր բան և դրանով փորձում արդարացնել ցանկացած գործողություն։ Եվ անընդհատ օգտագործվում է անվտանգության խնդիրը, որը շահարկելով՝ որևէ պատասխանատվություն ոչ ոք չի վերցնում։ Օրինակ, վերցնենք ապրիլյան պատերազմը՝ գործող համակարգը ցանկություն չուներ եղածի համար որևէ պատասխանատվություն կրելու։ Ասում էին կորսված 800 հեկտարը ամայի տարածքներ էին, և որևէ պատասխանատվություն անգամ նման կորստի համար որևէ մեկը չի ուզում կրել։ Իհարկե, ականատես ենք եղել, որ բարձրաստիճան շատ գործիչների հեռացրին աշխատանքից, բայց որևէ տեղ պատասխանատվության խնդիրը չի բարձրացվել, մարդիկ չեն իմացել ինչու են այդ մարդիկ հեռացվել։ Այս ամենը նրա համար է, որ իսկապես երբևէ գործող համակարգը որևէ քայլի համար պատասխանատվություն չկրի։

Սա քաղաքականություն է՝ պարզ և հստակ։ Նույնը վերաբերում է այս կամ այն քաղաքական ուժին։ Հիշում եմ, որ 2008-ից հետո էլ ավելի ցայտուն երևաց այդ ամենը, երբ հանրային հարթակից փորձ էր արվում պատասխանատվության կանչել տարբեր ուժերի, հարցեր տալ՝ ինչու են խոստացել այսպիսի բաներ, բայց չեն արել, բայց հենց մի բան էիր ասում, այդ ժամանակ մարդկանց անմիջապես փորձում էին ասել, որ դա ձեր գործը չէ, եթե դուր չի գալիս՝ մի եկեք, մի լսեք, մենք որևէ պատասխանատվություն չունենք որևէ բանի համար, որ կա գործող ռեժիմ, ամեն ինչի պատասխանատուն նա է: Հիշում եմ, անգամ եղել են պահեր, երբ ընդդիմադիր ճամբարին մեղադրում էին, որ կաշառք էին բաժանում՝ կապված Ծառուկյանի գործունեության հետ, այն ժամանակ պարզ ասում էին՝ եթե ընդդիմությունը կաշառք է բաժանում, մեղավորը գործող համակարգն է: Այսինքն՝ բացարձակ որևէ պատասխանատվություն չկրելու միտումը անընդհատ գործում է մեր քաղաքական դաշտում, և կապ չունի՝ այդ ուժերը գործող համակարգում են, թե ընդդիմադիր դաշտում: Սա շատ վտանգավոր բան է: Մենք ունեցել ենք գործիչներ, որոնք դավաճանել են ժողովրդին՝ Արթուր Բաղդասարյան, Գեղամյան և ուրիշներ, և անգամ այդ ժամանակ արդարացումներ կային:

Պատասխանատվության ինստիտուտը չի կայանում, որովհետև շատ լավ կայացել է արդարացման ինստիտուտը: Եթե կարողացել ես արդարանալ, մեղքը գցել ուրիշի վրա, հանրության կողմից դա ընդունվում է: Եվ սա ոչ միայն քաղաքական կյանքում է, առօրյա կյանքում էլ կարելի է նկատել արդարանալու ինստիտուտը. «Ախպեր ջան, բա դու չգիտես, մենք կարո՞ղ ա իջնենք օրենքի մակարդակի» սկզբունքով, միայն թե կարողանան արդարանալ: Արդարանալու ինստիտուտը դարձել է հզոր մեխանիզմ, որը թույլ չի տալիս մեզ որևէ պատասխանատվության ենթարկել որևէ մեկին: Մենք շատ ենք խոսել «քցելու» ինստիտուտի մասին, բացահայտ ցինիկ օրինակներ շատ են եղել: Օրինակ՝ վերցնենք քաղաքականության մեջ, մարդուն կոռուպցիայի մեջ են մեղադրում, մարդը հանգիստ ասում է՝ ընտանիք եմ պահում: Այսինքն՝ ընտանիք պահելու թեզը կարող է արդարացնել ցանկացած հանցագործություն: Եվ արդարանալու թեզը առօրյա կյանքում և քաղաքական կյանքում բերել է նրան, որ պրակտիկորեն հնարավոր չէ պատասխանատվության ինստիտուտը կայացնել:

Ո՞ր դեպքում այդ ինստիտուտը կսկսի գործել:

Սա հանրությունից է գալիս: Սա շատ լայն խնդիր է, իսկապես մարդը պետք է ցանկացած անօրինականություն չհանդուրժի: Երբ մենք խոսում ենք հանդուրժողականության մասին, հանդուրժողը պետք է լինի հանրությունը ամեն ինչի հանդեպ, բացի անօրինականությունից: Ամենամանր անօրինականությունը եթե հանդուրժվեց, վերջ, այս իրավիճակն ենք ունենալու: Բայց տեսեք, անհանդուրժող են կարծիք հայտնող մարդու նկատմամբ, նայեք ֆեյսբուք սոցիալական ցանցում, մեկը մի հարց է բարձրացրել, ընդամենը մեկ կարծիք հայտնել, բոլորը կհավաքվեն, ինչ ասես կասեն, բայց հենց խնդիրը վերաբերում է օրենքը խախտելուն, հերիք է մեկին ասես, որ ինքն անօրինականություն է արել, բազմաթիվ մարդիկ ձև են գտնելու արդարացնելու: Սա է հանրային գիտակցության մեջ, չկա պարզություն՝ ինչը կարելի է հանդուրժել, ինչը՝ ոչ, ինչ արդարացում կարելի է ընդունել, ինչը՝ ոչ:

Այսինքն՝ այս պահանջը նախ պետք է գա հանրությունի՞ց:

Այո, միայն հանրությունից, որովհետև ցանկացած քաղաքական ուժ ուղղակի այս վիճակն օգտագործում է՝ փայլուն հասկանալով հանրության հատկությունները և ավելի է խորացնում: ՀՀԿ-ի շատ գործիչներ դուրս են մնացել գործունեությունից՝ Լիսկա, Թոխմախ, հիմա եթե դրանք ասպարեզում չեն, կարո՞ղ է իրենք փոխվել են: Մեկ ուրիշ ոլորտում նույնն են:

Հայաստանում պետք են նոր, այլ որակի գործիչներ, որոնք կդնեն պատասխանատվության խնդի՞րը:

Եթե պատասխանատվության ինստիտուտն աշխատեց, ահագին բան կգա կընկնի իր տեղը: Այդ երևույթներն ուղղակի կվերանան, չեն լինի, կգան այն գործիչները, որոնք լուրջ են վերաբերվում կյանքին ու ժողովրդին և կրելու են պատասխանատվություն դրա համար: Եթե դու պատասխանատվություն չես կրում, ինչ կոչ ասես անում ես: Սա առանձին ուժերի և անհատների հետ կապված խնդիր չէ, այլ համակարգային խնդիր է: Ինչու մենք չունենք դատական համակարգ, որովհետև դատական համակարգի մարդիկ ծառայում են տվյալ պահի ռեժիմին և որևէ պատասխանատվություն չեն կրում: Մարդուն կարող է անմեղ դատեն, և դատավորը գիտի՝ ինքը որևէ պատասխանատվություն չի կրելու: Սա խորքային երևույթ է, որը միայն քաղաքական ուժերին չի վերաբերում, այլ հասարակական ինստիտուտներին էլ է վերաբերում: Չկա՞ն հասարակական կազմակեպություններ, որոնք քայքայիչ գործունեությամբ են զբաղվում, ապատեղեկատվություն են տարածում, լիքն են, քանի որ որևէ պատասխանատվություն որևէ մեկի առջև չեն կրում: Երբեմն քրեական շրջանակներում սամասունդն է աշխատում, երբ մարդիկ պատժվում են իրենց արածի համար օրենքից դուրս, անօրինական ձևերով:

http://www.lragir.am/index/arm/0/interview/view/159068