Կիրակի, Հուլիսի 21, 2024

Խմբագրական

Սեւ կարապը

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հանրային դաշտ Հայ առաքելական եկեղեցու սպասավորների մուտքը սարսափահար է արել գործող իշխանությանը, որի վարկանիշն արագընթաց գնում է գահավիժման: Վերջին սոցհարցումների պատկերը մխիթարական չէ ոչ միայն իշխող ՔՊ-ի, այլեւ հայաստանյան մյուս կուսակցությունների համար ընդհանրապես, այդ թվում՝ ընդդիմադիր: Մեծ հաշվով՝ քաղաքական դաշտն ավերված է ու, եթե անկեղծ լինենք, այդ ավերմունքի սկիզբը 2018 թվականը չէ: Ավելին՝ փլուզված չլիներ քաղաքական համակարգը, 2018-ի «թավշյա» դավադրությունը չէր էլ լինի:

Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ի սկզբանե իրեն վեր դասեց կուսակցությունից, ներկայացավ որպես Հայաստանի քաղաքացիների առաջնորդ, այլ ոչ թե կուսակցական գործիչ: Իսկ 2018-ի ԱԺ ընտրություններին գերադասեց գնալ վերկուսակցական «Իմ Քայլը» դաշինքի դրոշի ներքո: Դա քաղտեխնոլոգիական առումով ճիշտ որոշում էր եւ փաստում է այն մասին, որ ունի փորձագետների լավ խումբ, որոշ աղբյուրների պնդմամբ՝ դրսից հրավիրված: Բայց դա դնենք մի կողմ:

Գործող վարչախմբի մտադրությունն այլ է՝ ցույց տալ, որ, չնայած նվազող վարկանիշին, իշխող քաղաքական ուժը չունի լայն հանրության համար ընդունելի մրցակից, հետեւաբար նպատակահարմարությամբ պայմանավորված պետք է սպասել մինչեւ 2026-ին կայանալիք ընտրությունները: Պարզ է, որ դրանից հետո էլ իշխանությանը ոչինչ չէր խանգարելու եւս մեկ անգամ խաղարկել նույն իրավիճակը: Համենայն դեպս՝ ՔՊ-ն առնվազն երկու տարով իշխանությունը հետաձգելու իրական հնարավորություն կունենար: Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ. ի դեմս Բագրատ Սրբազանի, հայոց Եռատոնի օրով իշխանությանն այցելեց… «Սեւ կարապը»:

Հակիրճ մի տեղեկանք. «Սեւ կարապը» հայեցակարգի հեղինակը Նասիմ Նիկոլաս Թալեբն է, ով առաջինն է շրջանառության մեջ դրել «Սեւ կարապի իրադարձություններ» եզրույթը՝ նկարագրելու համար նշանակալի հետեւանքներով հազվագյուտ, անսպասելի անցքերը՝ գիտական հայտնագործությունները, պատմական ու քաղաքական իրադարձությունները, արվեստի եւ մշակույթի նվաճումները: Ընդ որում՝ «Սեւ կարապը» կարող է լինել ոչ միայն բացասական իրադարձությունների, այլ նաեւ անկանխատեսելի «հաջողության» բացատրություն:

Ակնհայտ է, որ վարչախմբի քարոզչությունը հիմնված է «սեւ-սպիտակ», «նախկին-ներկա», «մենք-նրանք» հակադրությունների վրա: Սա իշխանությանը թույլ է տալիս «աթոռները» չկորցնելու համար ժողովրդին վախեցնել «նախկինների» վերադարձի ուրվականով, թե՝ «կամ մենք մնում ենք իշխանություն, կամ գալիս են հները»: Սրբազանի հայտնվելը պայթեցրեց քարոզչական այդ փուչիկը: ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդը երբեք իշխանական գործիչ չի եղել, 2018-ից առաջ քննադատում էր նախկին իշխանակարգին, կոռուպցիոն սխեմաներում թաթախված չէ: Եվ վարչախումբը հընթացս քարոզչական նոր հնարք է մտմտում, որի մեխը, նրա բնորոշմամբ, ՀՀ-ում «կրոնապետության վտանգն» է, եթե Սրբազան շարժումը հաջողության հասնի:

Խոսքը, ըստ էության, դասական «աստվածապետության» մասին է, ինչը ենթադրում է ունենալ պետական եկեղեցի, հավատավոր ժողովուրդ եւ ժառանգական իրավունքով օժտված միապետների ընտանիք: Դրա համար պետք է փոխվեն Սահմանադրությունը, կառավարման համակարգը, պետական ու ազգային ավանդույթները, խորհրդանիշները, իսկ քաղաքացիություն ընդունելիս հավատարմության երդում տալ միապետին ու նրա ժառանգներին եւ այլն: Սա պահանջվող փոփոխությունների մի փոքր մասի թվարկումն է, էլ չասած աստվածաբանության զարգացած դպրոցի, վերջինիս վրա հիմնված իրավական մտքի եւ այլ անհրաժեշտ բաղադրիչների մասին:

Հասկանալի է, որ վարչախմբի քարոզչամեքենան ուղղված է շարքային քաղաքացիներին, որոնք հիմնականում ունեն մակերեսային գիտելիքներ ու պատկերացումներ եւ կարող են այս պարզունակ խայծը կուլ տալ: Փաստը մնում է փաստ, որ «Սեւ կարապը» հայտնվել է, եւ վարչախմբի քարոզչամեքենան սկսել է օդ կրակել:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: