Go to the ACNIS main pageGo to the ACNIS main page


Main Calendar Partners About us
Articles Publications Hayatsk Yerevanits Press releases


 

Լույս տեսավ «Փոփոխվող աշխարհ. Հայացք Երեւանից» հանդեսի երկրորդ համարը

6 սեպտեմբերի 2012թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) այսօր տեղի ունեցավ «Փոփոխվող աշխարհ. Հայացք Երեւանից» եռամսյա պարբերականի երկրորդ համարի շնորհանդեսը, որին ներկա էին փորձագետ-վերլուծաբաններ, լրագրողներ եւ հասարակայնության ներկայացուցիչներ:

Շնորհանդեսը բացեց եւ ներկաներին ողջունեց ՌԱՀՀԿ գործադիր տնօրեն Կարապետ Կալենչյանը:

Իր խոսքում ՌԱՀՀԿ գիտական տնօրեն, «Փոփոխվող աշխարհ. Հայացք Երեւանից» հանդեսի գլխավոր խմբագիր Մանվել Սարգսյանը նշեց, որ սույն թողարկումը գրեթե ամբողջությամբ նվիրված է ԱԺ 2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրություններին առնչվող կարեւորագույն հանգրվանների ու անցքերի վերլուծությանը, ինչպես նաեւ հետընտրական Հայաստանի ներքաղաքական զարգացումների լուսաբանմանը: «Ի՞նչ նշանակություն ունեն, ընդհանրապես, ընտրությունները Հայաստանում, արդյո՞ք նոր իրավիճակ ստեղծվեց վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ի հայտ եկա՞ն արդյոք պայքարի նոր, արդյունավետ ձեւեր: Այս եւ նմանօրինակ շատ հարցերի պատասխաններ կարելի է գտնել մեր հանդեսի երկրորդ համարում»,- ասաց Սարգսյանը: Ըստ նրա, եթե երկրում չի գործում ազատ ընտրության մեխանիզմը, ապա կուսակցական գործունեությունը լիովին իմաստազրկվում է: Այս միտքն է նա զարգացրել համարում զետեղված իր հոդվածում:

Այնուհետեւ ելույթ ունեցան պարբերականի 2-րդ համարի հոդվածագիրներից Արմինե Ղազարյանը, Զարուհի Հովհաննիսյանը եւ Լուսինե Պետրոսյանը` ներկայացնելով իրենց հետազոտությունների հանգուցային դրույթները: Որոշ հարցադրումներով հանդես եկան ու հավելյալ պարզաբանումներ ստացան Սահմանադրական դատարանի գլխավոր մասնագետ, իրավաբան Լիաննա Մկրտչյանը, «Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբան Էմմա Բեգիջանյանը, «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ իրավաբան Աշոտ Սարգսյանը, ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության քաղաքական բաժնի վարիչ Աշոտ Մելյանը, «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի մասնագետ Վախթանգ Սիրադեղյանը եւ «Արմինֆո» լրատվական գործակալության լրագրող Նանա Մարտիրոսյանը:

«Փոփոխվող աշխարհ»-ի հերթական թողարկումը բացվում է ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի հարցազրույցով, որտեղ, ի մասնավորի, դիտարկվում են արդյունավետ կերպով իշխանություն ձեւավորելու կամ փոխելու` ՀՀ քաղաքացիների իրավունքի, մեզանում պատգամավորի ետկանչի մեխանիզմի, ինչպեսեւ հանրագրի (պետիցիայի) ինստիտուտի ներդրման եւ այլ հնարավորությունների հետ կապված հարցեր:

ԱԺ ընտրությունների հենքին լայնորեն արծարծվում են քաղաքական ուժերի ակնկալիքների, հետընտրական իրավիճակի մոդելավորման յուրահատկությունների ու ընտրությունների հոգեբանական նրբերանգների թեմաները: Կան կարեւոր անդրադարձներ ՀՀ-ում քաղաքական պայքարի ձեւերին եւ կուսակցական գործունեության տրամաբանությանը: Հատուկ բաժին է նվիրվում ԱԺ ընտրություններին աղերսվող փաստական նյութին` իրադարձությունների, տվյալների, դիտորդական արձագանքների եւ այլ գործընթացների ներկայացմանը:

Հիշեցնենք, որ ՌԱՀՀԿ-ի նոր հրատարակությունը նպատակ ունի տարածաշրջանային եւ համաշխարհային զարգացումների լույսով վերհանել այսօրվա ու վաղվա առանցքային խնդիրների, մարտահրավերների եւ հեռանկարների համայնապատկերը, առաջարկել թարմ գաղափարներ ու այլընտրանքային լուծումներ:


Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՌԱՀՀԿ՝ Երեւան, Երզնկյան 75, հեռախոս՝ (37410) 528-780 կամ 274-818, հեռապատճեն՝ (37410) 52-48-46, էլ. փոստ root@acnis.am եւ info@acnis.am:

Related Links

The English version of the press release:

English version


Instructions If you do not see Armenian text click here