21 մարտի 2016թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում առաջացած ճգնաժամի համատեքստում դիտարկեց Հայաստանի անվտանգության հիմնախնդիրը: Կլոր սեղանի շուրջ տեղի ունեցած այսօրվա սեմինար-քննարկմանը մասնակցում էին փորձագետ-վերլուծաբաններ, քաղաքագետներ, քաղաքացիական կառույցների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Հակիրճ խոսքով քննարկումը բացեց եւ ներկաներին ողջունեց ՌԱՀՀԿ վարչական տնօրեն Կարապետ Կալենչյանը:
Հիմնական զեկույցներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը եւ ՌԱՀՀԿ հետազոտական ծրագրերի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:
Իր զեկույցում, որի թեման էր «Թուրքիայի շուրջ ճգնաժամը եւ Հայաստանի ողջամիտ ընտրության խնդիրը», ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ Հայաստանը կողմնորոշվելու խնդիր չունի, քանզի վաղուց արդեն կատարել է իր ընտրությունը՝ հօգուտ առաջինի: Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերությունների խնդրին, ապա այն, բանախոսի կարծիքով, շատ կարեւոր է Հայաստանի համար: «Միամտություն է կարծել, թե այդ երկրների հարաբերություններում առկա լարվածությունը կարող է ձեռնտու լինել հայերիս, քանի որ դրանով հնարավորություն կբացվի մեր որոշ տարածքների վերադարձի կամ 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի չեղարկման համար: Նման հնարավորությունը բացառվում է: Այլ բան է, որ քրդական խնդրի հանգուցալուծման բարեհաջող ընթացքի դեպքում հնարավոր է արծարծվի Սեւրի պայմանագիրը, ինչին մենք պետք է պատրաստ լինենք»,- ընդգծեց Սաֆրաստյանը՝ այդ տեսակետից կարեւորելով մեզանում ընթացող հանրային քննարկումները:
Արծարծելով «Ռուսական 102-րդ ռազմահենակետը Հայաստանում. անվտանգության ռեսո՞ւրս, թե՞ սպառնալիք» թեման, քաղաքագետ Մանվել Սարգսյանն էլ կարծիք հայտնեց, որ Սիրիայի տարածքում ՌԴ-ին մարտական գործողությունների մեջ ներքաշումը հանգեցրել է ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացմանը, ինչն անմիջականորեն անդրադարձել է Հայաստանի անվտանգության խնդրին. «Իսկ ռուսական ռազմահենակետի առկայությունն ինքնաբերաբար մեր երկիրը դարձրել է ոչ միայն դիմակայության հնարավոր թիրախներից մեկը, այլեւ ռուսաստանյան ռազմաքաղաքական ռազմավարության մասնակիցը»,- նշեց քաղաքագետը: Ըստ նրա, Հայաստանի անվտանգությունը նախեւառաջ նրա գործոն լինելու մեջ է, որովհետեւ քաղաքականությունը սկսվում է ինքնիշխան որոշում ընդունելուց: Սարգսյանը բերեց 1991 թվականի օրինակը, երբ ԼՂՀ անկախության հռչակագրի ընդունումից հետո Արցախը հայտնվեց միջազգային հանրության ուշադրության առանցքում:
Վերջում զույգ զեկույցներից բխող հիմնադրույթների վերաբերյալ ծավալվեցին աշխույժ հարցուպատասխան եւ մտքերի փոխանակություն, որոնց մասնակցեցին ՌԱՀՀԿ վարչական տնօրեն Կարապետ Կալենչյանը, իրանագետ Էմմա Բեգիջանյանը, հեռուսալրագրող Նաիրա Նալբանդյանը, էլեկտրոնային «Առավոտ»-ի քաղաքական մեկնաբան Հռիփսիմե Ջեբեջյանը, քաղաքացիական հատվածի ներկայացուցիչ Վահրամ Սեդրակյանը եւ ուրիշներ: