15.11.2018

Центр в Прессе

Ինչու Պուտինն ու Էրդողանը «շրջանցեցին» Ղարաբաղը

Նոյեմբերի 13-ին Սոչիում կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերթական աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում մերձեցման ձգտող երկու երկրների ղեկավարները քննարկել են հիմնականում երկկողմ հարաբերություններին և սիրիական ճգնաժամի հանգուցալուծմանը վերաբերող հարցեր: Հատկանշականը այս իմաստով Պուտինի հայտարարությունն է, թե ռուս-թուրքական հարաբերությունները գործնականում կարելի է համարել ամբողջությամբ վերականգված: Ու չնայած Էրդողանի այն հայտարարությանը, թե ինքը Սոչիում անձամբ է խոսելու Պուտինի հետ ղարաբաղյան հարցի մասին, այնուամենայնիվ, հանդիպումն ամփոփող պաշտոնական հաղորդագրություններում որևէ խոսք չեղավ Լեռնային Ղարաբաղի մասին:

Հրապարակայնացման և գաղտնի բանակցությունների տարբերությունը

Իհարկե, չի բացառվում, որ Ադրբեջանի «օկուպացված տարածքները» վերադարձնելու հարցով մտահոգված Թուրքիայի նախագահը շոշափել է հարցը Կրեմլի ղեկավարի հետ առանձնազրույցի ընթացքում և ամենայն հավանականությամբ այդպես էլ եղել է: Այլ հարց է, որ հասկանալի պատճառներով չունենք հստակ տեղեկություններ, թե ինչ է կոնկրետ ասել Էրդողանը և ինչ է նրան պատասխանել ռուսաստանցի գործընկերը: Բայց ավելի կարևոր է այն հանգամանքը, որ ենթադրյալ քննարկման մասին որևէ կերպ չբարձրաձայնվեց, որովհետև որևէ խնդրի հրապարակայնացում, առավել ևս պաշտոնական մակարդակով, ինքնին ունի քաղաքական նշանակություն և ենթադրում է որոշակի ազդեցություն հարցի շուրջ պրոցեսի վրա: Պուտին-Էրդողան բանակցություններին վերաբերող նախորդ վերլուծության մեջ նշել էինք այն վարկածը, որ իրականում ղարաբաղյան հարցը Թուրքիայի ղեկավարության համար էլ մեծ նշանակություն չունի. պոպուլիզմի մեծ վարպետ Էրդողանն այդ հայտարարությունն արել էր ավելի շատ ադրբեջանական հանրության համակրանքը շահելու նպատակով: Եվ, անշուշտ, արցախյան խնդիրն ամենևին էլ ռուս-թուրքական օրակարգի առաջնային հարցերի չէ, բայց ամեն դեպքում ռուս-թուրքական բանակցությունների համատեքստում Ղարաբաղի մասին հրապարակային չխոսելու հանգամանքը դրական փաստ է հայկական շահերի տեսանկյունից:

Կարևոր զարգացումներ

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանն իր բացատրությունն ունի տվյալ հարցի վերաբերյալ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա փաստեց, որ Էրդողանի՝ դեռևս նոյեմբերի 1-ին Ղարաբաղի մասին արված հայտարարությունից հետո բավական հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել հիմնախնդրի կարգավորման հարցի շուրջ: Մասնավորապես, Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Սեկուտան Բաքվում հայտարարեց, թե ԱՄՆ նորընտիր նախագահի վարչակազմն ընդունել է որոշումներ ղարաբաղյան հարցի առնչությամբ, թե ինչպես պիտի շարունակվի կարգավորման գործընթացը: Նոյեմբերի 9-ին Հայաստանի նախագահը Մոլդովայի նախագահի հետ հանդիպումից հետո վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը՝ հետամուտ լինելու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարմանը: Նույն օրը Վիեննայում՝ ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում, Լեռնային Ղարաբաղի հարցի մասին է խոսել նաև ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Հարրի Քամիանը՝ ոչ միայն ողջունելով ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նոր համանախագահի նշանակումը և նախագահների հանդիպումը Ժնևում, այլև վերահաստատել է Միացյալ Նահանգների կոչը կողմերին՝ կյանքի կոչել 2016 թ. մայիսին և հունիսին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ընդունված հայտնի համաձայնությունների կետերը: Դրանից հետո նույն նիստի ընթացքում նմանատիպ հայտարարություն է արել նաև Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

Դիրքորոշումների այս հստակեցումից հետո Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները, քաղաքագետի խոսքերով, այլևս խոսելու բան չունեին Ղարաբաղի հարցի վերաբերյալ:

«Ահա այսպիսի զարգացումներ են եղել, և դրանից հետո Պուտինն ու Էրդողանը այլևս խոսելու բան չունեին Ղարաբաղի հարցով կամ եթե մի բան խոսել են, ապա պիտի գաղտնի պահեին: Այսինքն՝ շատ էական բան է կատարվել. որքան էլ Սերժ Սարգսյանը Ալիևի և Ռուսաստանի հետ փորձեցին հանել այդ հարցերը օրակարգից և գործընթացն ուղղել ուրիշ ուղղությամբ, փաստորեն չստացվեց դա: Ավելի քան մեկ ամիս բոլորը խոսում են «սեպարատ պայմանավորվածությունների» մասին, որ Հայաստանը հետ է կանգնել իր սկզբունքային դիրքորոշումից, «պաս» է տվել Ադրբեջանին, բայց այժմ, կարծես, ինչ-որ բան է կատարվել, որն արդեն այլ պայմաններ է ստեղծում Ռուսաստանի ղեկավարության հետ Ալիևի և Էրդողանի խոսակցության համար, և եթե անգամ եղել է նման խոսակցություն, որոշել են որևէ բան դրա մասին չխոսել: Այսպիսի էական բաներ եղել են, պարզապես չկա կոնկրետ ինֆորմացիա, կամ էլ պիտի սպասենք՝ Լավրովը գա Երևան: Նրա հայտարարություններից շատ բան կարող է պարզվել»,- մեկնաբանեց փորձագետը:

Սերժ Սարգսյանի լավությունն էլ չօգնեց

Մանվել Սարգսյանն ասում է, որ իրավիճակը շատ ճիշտ է նկարագրել հատկապես փորձագետ Ստանիսլավ Տարասովը՝ «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում ասելով, որ Սերժ Սարգսյանը լուրջ զիջումներ էր արել Ալիևին՝ հրաժարվելով Վիեննայի համաձայնություններից, բայց Ադրբեջանի նախագահը չկարողացավ օգտվել Հայաստանի նախագահի «լավությունից»:

«Թուրքիայի մոտեցումները ղարաբաղյան հարցում շատ պարզ են: Ժամանակին Էրդողանը հայտարարում էր, թե պիտի ստեղծվի Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան դաշինքի պես մի բան, որի մասին նա անընդհատ կրկնում է: Բնական է, որ դա կարող է լինել միայն ղարաբաղյան հարցը շահարկելու միջոցով: Եվ այդ հայտարարությունն էլ, որ գնալու եմ, Պուտինի հետ խոսելու եմ, նույն ջանքերն են, փորձերը՝ համոզելու Ռուսաստանին, որ եկեք ռեգիոնալ կոնֆլիկտները այսպիսի ձևաչափերով լուծենք: Ես որևէ նոր բան չեմ տեսել Էրդողանի վերջին շարժումների մեջ: Հիմա թե արդյոք նրան հաջողվել է ինչ-որ բանի հասնել այս հարցում, թե ընդհանրապես ամեն ինչ տապալվել է, կերևա հետագայում»,- շարունակեց մեր զրուցակիցը:

Հարաբերությունների կարգավորման մեխանիզմ

Ընդհանրապես, հաշվի առնելով վերջին հարյուրամյակի պատմությունը՝ Արցախի հարցի հետ կապված հիմնական մտահոգություններից մեկն այն սցենարն է, որ ղարաբաղյան հարցը կարող է լուծվել ռուս-թուրք-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում: Հետևաբար հիմնախնդրի ադրբեջանամետ կամ թուրքամետ լուծումը որքանո՞վ է ձեռնտու Ռուսաստանին և որքանո՞վ է հակասում այդ շահերին:

Պատասխանելով հարցադրմանը՝ քաղաքագետ Մանվել Սարգսյանը մատնանշեց ֆունդամենտալ մի հանգամանք, որ ղարաբաղյան խնդիրը և դիվանագիտությունը դրա շուրջ վաղուց արդեն կապ չունի ո՛չ Լեռնային Ղարաբաղի, ո՛չ էլ այս խնդրի լուծման հետ:

«Ղարաբաղյան հարցը դարձել է գեոստրատեգիական ինչ-որ մեխանիզմ, որի շուրջ այս կամ այն երկրները հարաբերություններ են հաստատում: Պարզ և կոնկրետ հենց դա է կատարվում: Ալիևն ամեն կերպ ուզում է ներգրավել Թուրքիային, որպեսզի Թուրքիան Ռուսաստանի վրա ազդի: Թուրքիան ուզում է դրա միջոցով Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա ձևաչափ ձևավորել՝ բոլորովին այլ հարցեր լուծելու նպատակով, որովհետև այդքան միամիտ չեն, բոլորն էլ հասկանում են, որ իրենք ի զորու չեն միայնակ ինչ-որ բան անել: Ճնշում են Հայաստանին, ինչ-որ ձևերով համոզում են, որ Հայաստանն էլ իր դիրքորոշումներով նպաստի դրան, ինչը վերջերս արեց Սերժ Սարգսյանը, և անգամ Հայաստանի աջակցությունը որևէ կերպ չօգնեց իրենց, որովհետև կան այլ ազդեցիկ խաղացողներ՝ Միացյալ Նահանգներ, Եվրոպա, որոնցից կախված են, և բնական է, որ չեն կարող դա շրջանցել: Հենց դա է ապացուցում Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի վերջին հանդիպումը, երբ Միացյալ Նահանգների ներկայացուցչի շատ հստակ հայտարարությունից հետո անմիջապես Ռուսաստանը կրկնեց դա: Անգամ դա չկարողացան չանել: Սա շատ վառ ապացույց է, որ Ռուսաստանը շատ բան է ուզում, բայց իր հնարավորություններն այդքան էլ թույլ չեն տալիս անել այն, ինչ ցանկանում է: Խնդիրն այն է, որ լինում են նաև այլ հանդիպումներ՝ կապված բոլորովին այլ խնդիրների հետ: Օրինակ, Վիետնամում Միացյալ Նահանգները և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հայտարարությամբ Սիրիայի հարցի վերաբերյալ, որ սիրիական հակամարտությունը չունի ռազմական լուծում: Իսկ Էրդողանն այդ հայտարարությունից հետո ասել է, թե եթե ռազմական լուծում չկա, թող Միացյալ Նահանգներն էլ, Ռուսաստանն էլ հանեն իրենց զորքերը Սիրիայից: Դա շատ լուրջ հարված էր Թուրքիային: Բայց Ռուսաստանը ցանկացած բան ստորագրեց Միացյալ Նահանգների հետ, միայն թե Պուտինը դատարկաձեռն չվերադառնա այնտեղից: Հանդիպում էին ուզում Վիետնամում: Չեղավ: Եվ դրանից հետո եղան ներկայացուցիչների վերոնշյալ հայտարարությունները ղարաբաղյան հարցի մասին»:

http://www.1in.am/2245470.html

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am