2018-ի հայաստանյան, այսպես կոչված, «թավշյա հեղափոխության» հիմնական ու, թերեւս, միակ հայեցակետը մերժումն էր: Ամենասկզբից «մերժեցին» Սերժին, այնուհետեւ սկսեցին «մերժել» սուտը, թալանը, կոռուպցիան, հովանավորչությունը եւ այլն: Դա մերժումների նախնական փուլն էր: Եվ, քանի որ շարժման իմաստն ու բովանդակությունը «մերժումն» էր, եւ ոչ մի խոսք չկար «հանուն»-ի, այսինքն՝ նպատակի ու ապագայի նախագծի մասին, փողոցից եկածները, բնականաբար, պետք է շարունակեին «մերժումների» շարքը եւ շարունակեցին:
Հետագայում մերժվեցին «նախկինները» (թեպետ «նախկինների» մի պատկառելի խումբ հայտնվել էր իրենց թիմում՝ այդ թվում ամենախորշելի դեմքեր), ապաեւ՝ Ռուսաստանը, Արցախը, Հայ առաքելական եկեղեցին, բիբլիական Արարատը, ՀՀ օրհներգը, զինանշանը: Հետո հասանք Հայոց պատմության, Մեծ եղեռնի ու Հայրենազրկման իրողությունների մերժմանը, եւ մերժումների վերջը, կարծես թե, չի երեւում: Փորձենք հասկանալ, թե ինչ երեւույթ է սա եւ արդյո՞ք զուտ հայկական է:
Ամեն ինչի ու ամենի մերժումը՝ որպես սոցիալ-հոգեբանական երեւույթ, սկզբնավորվել է նախանցյալ դարի սկզբին, Եվրոպայում ժխտողականների ի հայտ գալուն զուգընթաց: Ժխտողականությունը տարբեր դարաշրջաններում կարող էր տարբեր դրսեւորումներ ունենալ։ 20-րդ դարի ժխտողականները հիպիներն ու պանքերն էին, որոնք ապստամբում էին ոչ միայն իշխող կարգերի, այլեւ հանրային հարաբերությունների, կապիտալիզմի եւ դրա բերած բարոյականության, քրիստոնեական «կեղծ» արժեքների ու փողի պաշտամունքի դեմ։
Ցանկացած ապստամբություն, անհնազանդություն, հեղափոխություն, անգամ երիտասարդական շարժում իր մեջ մերժելու տարրեր ունի՝ դա հնի մերժումն է, ինչը, սակայն, բավական չէ առաջընթաց ապահովելու համար, եթե իր մեջ ինչ-որ առաջարկ կամ այլընտրանք չի պարունակում։ Ամերիկյան, ֆրանսիական, ռուսական, իրանական հեղափոխությունները մերժելով հանդերձ՝ ներկայացնում էին նման առաջարկներ՝ անկախ նրանից, թե ով ինչպես է դրանց վերաբերվում։
Բայց, օրինակ, ուկրաինական «Մայդանը» եւս հիմնված լինելով մերժման գաղափարի վրա, առաջարկ չէր ձեւակերպել, քանզի «դեպի Եվրոպա գնալը» առաջարկ չէ, այլ փախուստ է իրականությունից, սեփական մշակույթից, դա ավելի շուտ ինքնամերժում է։ Նույնը կարելի է ասել հայկական «մերժման»՝ 2018-ի իշխանափոխության մասին. այն իրականացավ, սակայն պարզվեց, որ տեղի ունեցածն ընդամենը ինքնամերժում է՝ առանց ապագայի նախագծի, այսինքն՝ առանց զարգացման ճանապարհային քարտեզի մասին որեւէ տեսլականի։ Պատահական չէր, որ մերժողները՝ դեռ չվերապրած «թավշյա» կոչվող իշխանափոխության պերճանքն ու թշվառությունը, հրապարակավ հայտարարեցին, թե ՀՀ նորագույն պատմության մեջ այդ իրադարձությունը շատ ավելի կարեւոր է, քան, նույնիսկ, արցախյան ազատամարտը:
Իրականում հայկական ժխտողականությանը վիճակված չէր գտնել իր բնականոն ընթացքը: Ի տարբերություն եվրոպական ժխտողականության, որը 19-րդ դարի երկրորդ կեսին զուգորդվեց արվեստի ու մշակույթի մեջ առաջացած նոր երեւույթով՝ դեկադանսով, հայկական դեկադանսը մտավ քաղաքականություն՝ շրջանցելով արվեստն ու մշակույթը: Այդ առումով հատկանշական է Քաղաքացու օրը «քաղաքացիական խորովածակերության» վերածելու գռեհկությունը։ Դեկադանսի նմանատիպ աղճատված դրսեւորումներից են ՀՀ հյուսիսային մարզերի ավերիչ ջրհեղեղի օրերին վարչապետի տիկնոջ կազմակերպած սեւ-սպիտակի «փարթիները», առավել եւս՝ այդ քեֆերին զոհված զինծառայողների ծնողներին հրավիրելը:
Հիրավի՝ խրախճանք ժանտախտի ժամանակ: