Հինգշաբթի, Ապրիլի 25, 2024

Վերլուծական

Արցախի քաղաքական դասը մնացել է բախտի քմահաճույքին

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

Հայաստանում ակտիվ ներքին գործընթացների խորապատկերին Արցախը հայտնվել է լճացման մեջ: Խոսքը քաղաքականապես գործուն միջավայրի մասին է` ինչպես իշխող ընտրախավի, այնպես էլ ընդդիմադիր տրամադրված շրջանակներում:

Առանձին խմբերի գործողությունների դիտարկումը, ինչպես նաեւ հանրության ներկայացուցիչների հետ զրույցները ցույց են տալիս, որ Արցախի իրավիճակի գնահատման շուրջ երկրում լիակատար անորոշություն է տիրում Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո:

Ամռան սկզբին սկսված քաղաքացիական ակտիվությունը, որը հանգեցրել է իրավապահ մարմինների մի շարք ղեկավարների հրաժարականին, ինչպես նաեւ որոշ խորհրդականների ու պաշտոնատար անձանց հեռացմանը, երկրի քաղաքական կյանքում արմատական փոփոխությունների հույսեր առաջացրեց: Միեւնույն ժամանակ ուշադրության կենտրոնում հայտնվեց նախագահ Բակո Սահակյանը, որի անձի հետ է կապված ամբողջ քաղաքական կյանքը: Մի կողմից օրակարգում հայտնվեց Արցախի նախագահի հրաժարականի պահանջը, մյուս կողմից` նրա բարեփոխումներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցության փաստը: Սահակյանը հայտարարեց, որ հրաժարվում է առաջադրվել հաջորդ նախագահական ընտրություններում՝ միաժամանակ դադարեցնելով կադրային փոփոխությունները: Արցախի քաղաքական կյանքում ամեն ինչ բավական աղոտ դարձավ: Մի շարք ուժերի կողմից հասարակության ակտիվացման փորձերն արդյունավետ չեղան. հասարակությունը նախընտրեց սպասել:

Թվում էր՝ քաղաքական դաշտում բնավ ոչինչ տեղի չի ունենում: Սակայն Երեւանում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը բացահայտեց Արցախի կառավարող դասի թաքուն ակնկալիքները: Պարզվեց, որ տվյալ դասի միջավայրում խորը վախ կա Հայաստանում տեղի ունեցող գործընթացներից: Նաեւ պարզվեց, որ այդ դասը չգիտի, թե ինչպես վարվել այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում: Սա առավել հստակ երեւաց Քոչարյանին կալանքից ազատելու միջնորդությամբ Արցախի խորհրդարանի 15 պատգամավորների ստորագրահավաքի փաստից:  Այս ակցիայում առաջին անգամ ողջ պարզությամբ դրսեւորվեց իրենց ապագայի համար նրանց վախը: Ի հայտ եկան նաեւ այլ կողմեր, մասնավորապես՝ առանձին ուժերի դիրքորոշումներն ու շահերը:

Այսպես՝ հատկանշական է, որ Դաշնակցություն կուսակցության խմբակցության պատգամավորները չմիացան միջնորդությանը: Այս հանգամանքը որեւէ կերպ չի համապատասխանում Հայաստանում այդ կուսակցության գործադիր մարմնի դիրքորոշմանը, որի ղեկավարությունն ի սկզբանե դեմ էր Քոչարյանի ձերբակալությանը: Այստեղ է թաքնված անտրամաբանականությունն այն իրավիճակի, որում հայտնվել է ինչպես այդ կուսակցությունը, այնպես էլ մնացած բոլոր ուժերը: Նիկոլ Փաշինյանի ժողովրդական շարժմանն ու ՀՀ վարչապետի թեկնածությանն աջակցելով եւ դառնալով իշխող կոալիցիայի անդամ, ՀՅԴ-ն անմիջապես բախվեց իր համար անլուծելի մի խնդրի: Այն գործչի ձերբակալությունը, որը 1997-ին կալանքից ազատել էր Դաշնակցության ղեկավարներին, չէր կարող հակասություններ չառաջացնել վարչապետի հարցում: ՀՅԴ ղեկավարները չէին կարող չվերադարձնել իրենց պարտքը Ռոբերտ Քոչարյանին: Սակայն նման դիրքորոշումը չէր կարող համակուսակցական դառնալ: Այս կուսակցության արցախյան ճյուղը Քոչարյանի հետ այլ հաշիվներ եւ առկա իրավիճակում այլ խնդիրներ ունի:

Ռոբերտ Քոչարյանն իր գլխապտույտ կարիերան սկսել է 1992 թվականից՝ մասնավորապես Հայաստանում իշխող Հայոց համազգային շարժման եւ Արցախի առաջին խորհրդարանական ընտրություններում հաղթած Դաշնակցություն կուսակցության միջեւ սուր հակասությունների ժամանակաշրջանում: Համախոհների խմբի հետ միասին (նրանց մեջ էին Սերժ Սարգսյանը, Սամվել Բաբայանը, Արկադի Ղուկասյանը) նրանք պաշտպանեցին Դաշնակցությանն Արցախում իրական իշխանությունից հեռացնելու՝ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը: Այդ քաղաքականությունն ուժեղ հակասություններ ծնեց, քանի որ Դաշնակցության առաջին կադրային կազմը ձեւավորվել էր ղարաբաղյան շարժման կազմի հիման վրա, որը որոշիչ ազդեցություն ուներ այդ ժամանակվա ռազմաքաղաքական գործընթացների վրա: Բայցեւայնպես, արդյունքում՝ հունիս-հուլիսյան ռազմական պարտությունների խորապատկերին, իրական իշխանությունն Արցախում անցավ Հայաստանի իշխանությունների կողմնակիցներին՝ ի դեմս այնտեղ ստեղծված Պաշտպանության պետական կոմիտեի, որը փոխարինում էր կառավարությանը: Այդ ժամանակվանից ի վեր Արցախում ներքաղաքական դիմակայության առանցքը տեւապես դարձել էր «դաշնակների» ու ձեւավորվող բյուրոկրատական անձնակազմի առճակատումը: Անկախ նրանից, թե ով էր տարբեր ժամանակահատվածներում Արցախում իշխանության առաջնորդը, պատգամավորական եւ բյուրոկրատական կորպուսը մնացել եւ շարունակում է մնալ Քոչարյանի հիմնարկած իշխանության ժառանգական կրողը:

Այժմ արցախյան դաշնակցականները հրաժարվել են միջնորդել Քոչարյանի ազատ արձակմանը: Բայց պնդել, թե մնացած պատգամավորներն ու բյուրոկրատական կորպուսն «աղոթում» են Քոչարյանի համար, ավելորդ կլիներ: Քոչարյանի գործն ավելի շուտ քաղաքական միջուկ է, որը ներկայիս լիակատար անորոշության մեջ ինչ-որ համախմբման հույս է ներշնչում: Մարդկանց ոչինչ չի մնացել, բացի նոր Հայաստանի իշխանությունների եւ իրենց ճակատագրի հանդեպ անտարբեր Արցախի հասարակության ուշադրությունն իրենց վրա հրավիրելուց: Իրականում բոլորին մտահոգում է այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանություններն իրենց թողել են բախտի քմահաճույքին: Իսկ նման իրավիճակի տեղական պաշտոնյաները սովոր չեն. նրանք սովոր են գործել «վերեւի» հրահանգով եւ իրենց բոլոր գործողություններն արդարացնել պաշտոնական Երեւանի գործոնով: Բայց քանի որ պաշտոնական Երեւանը գործում է սեփական ծրագրով, ինչը բոլորին խիստ անհանգստացնում է, Արցախի պատգամավորական ու բյուրոկրատական կորպուսը զբաղված է միայն մեկ բանով՝ ներշնչել հասարակությանը, թե ամեն ինչ կվերադառնա հին կարգին, եւ որ փոփոխություններ պետք չէ ակնկալել: Զուգահեռաբար շանտաժը շարունակվում է իրականացվել քաղաքացիների զանգվածային ակտիվության կանխարգելման հույսով: Քոչարյանի դեպքը հնարավորինս հարմար է նման թաքուն քարոզչական աշխատանքի համար: Բայցեւայնպես՝ ՀՀ վարչապետի հետ լեզու գտնելու առանձին նպատակը բոլորի համար «գաղտնի» առաջնահերթություն է: Խորհրդային տարիների գաղութային բյուրոկրատական հոգեբանությունը դեռեւս սպառված չէ Արցախում:

Պետք է նշել, որ վերը նկարագրված հոգեբանական վիճակը եւ քաղաքական աշխարհայացքը բնորոշ են ոչ միայն պատգամավորներին ու բյուրոկրատներին: Բոլոր կուսակցությունները եւ քաղաքականապես ակտիվ խմբերը նույնպես զգում են ծայրաստիճան անորոշություն եւ ակնդիր են Երեւանին: Որքան էլ տարբեր խմբեր ջանան ինքնուրույն քաղաքական գործունեության տպավորություն ստեղծել, միեւնույն է, բոլորին միայն մի բան է հետաքրքրում. արժանանալ Հայաստանի վարչապետի հետաքրքրությանը եւ ստանալ նրա աջակցությունը: Ոչ ոք չի հավատում սեփական ուժերին: Սա է երկրի խորը քաղաքական լճացման պատճառը:

 

Մանվել Սարգսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: