Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2024

Վերլուծական

Տավուշյան թնջուկ. Ոսկեպարում կբացվի պատերազմի պատուհա՞ն…

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

«Հայացք Երեւանից» պարբերականի նախորդ թողարկման մեջ անդրադարձ կար վերջին օրերին Տավուշում տեղի ունեցող մտահոգիչ գործընթացներին: Սակայն թեման բավական բազմաշերտ ու տարողունակ լինելու հանգամանքով պայմանավորված՝ կարիք ունի ավելի համապարփակ լուսաբանման, ուստի եւ կփորձենք այն ամբողջացնել: Բայց նախ՝ մի փոքր հակիրճ հիշեցում առ այն, թե ինչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում, որը ռազմական փորձագետների գնահատմամբ՝ ՀՀ-ի ամենից դժվարխոցելի բնագծերից է: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրեն թույլ է տալիս խոսել հաղթողի դիրքերից ու պահանջել սահմանային 4 գյուղ՝ անհիմն պնդելով, թե դրանք ադրբեջանական տարածքներ են:

Իրականում այդ բնակավայրերը,- խոսքը Բաղանիս-Այրումի, Աշաղը Ասքիփարայի, Խեյրիմլիի ու Ղըզըլհաջիլիի մասին է,- որեւէ քարտեզով չեն նշված Ադրբեջանի կազմում՝ բացառությամբ Բաղանիս-Այրումի, որի մեջտեղով է անցնում սահմանագիծը եւ գյուղը բաժանում հայկական ու ադրբեջանական մասերի: Այսինքն՝ համաձայն խորհրդային բոլոր թվականների քարտեզների, Տավուշի մարզի այդ հատվածում ադրբեջանապատկան ընդամենը «կես» գյուղ կա, եթե անգամ զերծ մնանք պատմության խորխորատները մտնելուց, որտեղ «Ադրբեջան» տեղանունով, ընդհանրապես, ոչինչ գոյություն չունի: Փոխարենը մարզը հարուստ է հայկական հինավուրց հուշարձաններով ու հոգեւոր, պատմամշակութային այլ արժեքներով:

Նշված տարածքները պահանջելով՝ ընդ որում վերջնագրի լեզվով, պաշտոնական Բաքուն անթաքույց նպատակ ունի փլուզել մեր հյուսիս-արեւելյան պաշտպանական համակարգի ճարտարապետությունը, վերահսկողության տակ առնել ՀՀ մտնող գազատարը, Իջեւան-Թբիլիսի մայրուղին եւ, այդպիսով, կղզիացնել, խեղդամահ անել Հայաստանը, ինչպես վարվեց Արցախի հետ: Հայկական երկրորդ պետության հանդեպ կիրառած բոլոր իր ստորություններն ու վայրագությունները Ալիեւն ուզում է պրոյեկտել Հայաստանի վրա՝ այդ անունը աշխարհի քարտեզի վրայից ջնջելու վայրի մոլուցքով:

Եվ ամենազազրելին այն է, որ ինչպես Արցախի կործանման մեջ, այս անգամ եւս, Բաքվի սուլթանը Հայաստանում մի հզոր դաշնակից ունի՝ ի դեմս երկրի վարչապետի աթոռը բռնազավթած անձի: Նա, ով 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, որից հետո ԼՂՀ-ն ենթարկվեց տասնամսյա պաշարման, սովի ու տառապանքի, իսկ վերջում՝ էթնիկ զտման եւ լիակատար հայթափման: Հիմա նույն ոխերիմ թշնամու եւ նրա «դաշնակցի» թիրախը Տավուշի Ներքին Ոսկեպար եւ մյուս երեք օտարահունչ դարձված գյուղերն են՝ առայժմ ոչ անկլավայինները, բայց ռազմավարական մեծ կարեւորություն ունեցող հայկական բնակավայրերը, որոնց անհագ ոսոխը ձգտում է հնարավորինս շուտ տիրանալ:

Այն, ինչ մարտի 18-19-ն անում էր իր շքախմբով Ոսկեպար ու հարակից գյուղեր մեկնած «դաշնակիցը»՝ համոզելով տեղաբնակներին, որ բնակավայրերը պետք է հանձնվեն, այլապես Ադրբեջանը կհարձակվի, ազդանշան էր Ադրբեջանին, որ պատրաստ լինի պահանջը չկատարելու դեպքում դիմել ռազմական գործողությունների: «Փաշինյանն իր ձեռքով քանդում է Տավուշի պաշտպանական գիծը: Նա խոստովանում է, որ Հայաստանը դարձրել է Ադրբեջանի կցորդը, եւ ինքն ընդամենը վասալ է, որը գույքագրում է բնակչության խնդիրները, որպեսզի ներկայացնի ֆեոդալին»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Թե որտեղ են ավարտվելու Ադրբեջանի պահանջները՝ ոչ ոք չգիտի, բայց մի բան հաստատ է՝ Տավուշի գյուղերի հանձնումը սոսկ ավելացնելու է այդ պահանջները։ Ընդառաջել Ալիեւի պահանջներին՝ կնշանակի ազատություն տալ նրա ձեռքերին, դա էլ իր հերթին կնշանակի լեգիտիմացնել Բաքվի հնարավոր ռազմական հարձակումը, ինչին ականատես եղանք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն հետեւած սեպտեմբերյան գործողությունների ժամանակ: Թվում է՝ այս դժնդակ օրերում կա երկու տհաճ բան, որոնցից պրծում երբեք չի լինելու՝ Իլհամի պահանջներից եւ Նիկոլի մանիպուլյացիաներից: Ինչ-որ իմաստով սրանք փոխկապակցված տհաճություններ են, որոնցից մեկի վերացմամբ՝ այն մյուսը կվերանա ինքնաբերաբար:

Հայ-ադրբեջանական կապերի կարգավորման «խաղադաշտում» միակողմանի խաղ է գնում: Խաղ՝ մեկ դարպասի վրա: Խաղ՝ առանց կանոնների: Առանց մրցավարի: Նույնիսկ՝ առանց կողմերից մեկի դարպասապահի: Եվ հակառակորդի խփած բոլոր գնդակներն անվրեպ հայտնվում են անպաշտպան դարպասում: Թերեւս՝ այսպիսի այլաբանությամբ կարելի է նկարագրել այն խառնակ իրավիճակը, որն այսօր տիրում է փաշինյանական Հայաստանում: Առաջացել է խնդիրների մի խճճվածք՝ խաղաղության պայմանագիր, սահմանազատում, Մայր օրենքի փոփոխություն, խաղաղության խաչմերուկ եւ էլի պահանջներ, սպառնալիքներ ու այդ ամենի խաչմերուկում շփոթահար կանգնած ՔՊ-ական մեծամեծեր, որ չգիտեն՝ որը որից հետո է:

Սահմանագծման-սահմանազատման համար կողմերը նախ պիտի համաձայնեցնեն այն քարտեզը, որի հիման վրա պիտի իրականացվի գործընթացը, սակայն այդ առումով պայմանավորվածություն դեռ չկա, թեպետ Փաշինյանն արդեն պնդում է, թե խնդրո առարկա գյուղերն ադրբեջանական տարածքում են: Տո, հեր օրհնած, եթե քարտեզ չկա, ինչի՞ց իմացար, որ այդ բնակավայրերն Ադրբեջանին են պատկանում՝ Ալիեւի «ազնիվ խոսքի՞ց», թե՞ մատիցդ ես հոտ քաշել: Պարզ է, թե ինչու Ադրբեջանը ոչ մի քարտեզ չի հավանում, պարզ է նաեւ Ալիեւի՝ հայկական տարածքները սահմանազատումից առաջ «իրենով անելու» շտապողականությունը՝ մարդն իր երկրի շահն է սպասարկում: Բայց քո՛ շահը որն է, Փաշինյան, քո՛ դիրքորոշումը որն է:

Ըստ խնդրին տիրապետող մասնագետների՝ քարտեզը համաձայնեցնելուց հետո դեռ գործընթացներ էլի կան. նախ թղթի, ապա նաեւ տեղում՝ գետնի վրա, պետք է որոշել սահմանները, ընդ որում՝ ողջ սահմանով մեկ, ոչ թե հատված առ հատված: Այնուհետեւ անհրաժեշտության դեպքում դրվում է այս կամ այն տարածքից զորքերի դուրսբերման հարցը: Տվյալ դեպքում թշնամին պետք է զորքը դուրս բերի հայկական շուրջ 250 քառ. կմ տարածքներից, որտեղ մտել է՝ խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի հրադադարը: Առնվազն նշված փուլերն անցնելուց հետո միայն կարելի է խոսել այս կամ այն հատվածի պատկանելության մասին:

Տարօրինակ է, որ Նիկոլ Փաշինյանը գործընթացի տեխնիկական պարամետրերի մասով տեղեկացված չէ, հակառակ դեպքում չէր շտապի անհարկի հայտարարություններ անել, այլ քարտեզի համաձայնեցման հարցն օր առաջ կդներ բանակցությունների սեղանին, եթե, իհարկե, Տավուշի գյուղերի հայանպաստ լուծման ցանկություն, նպատակ եւ քաղաքական կամք ունենար: Ամենայն հավանականությամբ՝ չուներ այդպիսի նպատակ, ինչը ակնհայտ է: Հետպատերազմյան երեք տարին բավական ժամանակ էր՝ բանակի մարտունակությունը բարձրացնելու եւ ՀՀ Զինված ուժերում իրական բարեփոխումներ կենսակոչելու համար, որպեսզի Գերագույն գլխավոր կոչեցյալն այսօր գյուղացիներին չասեր, թե պետությունն ի վիճակի չէ ձեզ պաշտպանել:

Իսկ Տավուշում իրավիճակը ծայրաստիճան լարված է: Մարդիկ մտադիր չեն լքել իրենց տները, պատրաստ են անձնազոհաբար պաշտպանել պապենական հողն ու հայրենի եզերքը: Ինքնապաշտպանական խմբեր են ձեւավորվում՝ հայտարարելով, որ կռվելու են մինչեւ վերջին փամփուշտը եւ չեն ենթարկվելու դավաճան, վախկոտ իշխանությունների հրահանգներին: Բռնազավթած Հադրութից Ալիեւը շարունակում էր իր սպառնալիքները՝ հասկացնելով, որ պատրաստվում է հատուկ ջոկատներ ուղարկել Տավուշ, եթե 4 գյուղերը հայերը չզիջեն: Ոսկեպարում, կարծես թե, պատերազմի պատուհան է բացվում՝ Աստված մի արասցե:

 

Գեւորգ Բրուտենց

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: