Sunday, 16 June 2024

A Analysis

Տավուշյան «կալեյդոսկոպ». Ճշմարտությունը՝ կողպեքի տակ

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Տավուշյան զարգացումների լուսաբանմանը նվիրված մեր նախորդ թողարկումներից դուրս էր մնացել կամ, համենայն դեպս, հպանցիկ էր արծարծվել թեմայի առանցքային դիտանկյուններից մեկը՝ իրավական բաղադրիչը: Մասնավորապես բաց է մնացել հարցը, թե որն է իրավական-օրենսդրական այն հիմքը, որը վարչապետի աթոռը զբաղեցնող անձին թույլ է տալիս Հայաստանի ինքնիշխան տարածքները՝ տվյալ դեպքում Տավուշի մասով, աջուձախ հանձնել թշնամուն եւ, ինչպես ասում են, պարել Ալիեւի դուդուկի տակ: Կփորձենք լրացնել բացը՝ հենվելով գլխավորապես բարձր կարգի միջազգայնագետ-իրավաբանների դատողությունների ու մասնագիտական նկատառումների վրա:

Բայց նախ՝ հիշեցնենք, որ գործող իշխանության ապաշնորհ կառավարման օրվանից ի վեր երկիրը հասել է մի հանգրվանի, երբ 44-օրյա պատերազմ հրահրելուց ու խայտառակաբար պարտվելուց, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց, Սյունիքում անվտանգային լուրջ խնդիրներ ստեղծելուց եւ շուրջ 250 քառ. կմ հայկական տարածք (այլ հաշվարկներով՝ ավելի քան 1.000 քառ. կմ) թշնամու բռնազավթման տակ թողնելուց հետո Փաշինյանն այժմ էլ ձեռնարկել է Հայաստանի մյուս տարածքները փուլ առ փուլ Ադրբեջանին հանձնելու (իր եզրաբանությամբ՝ վերադարձնելու) գործընթաց:

Արցախի դեպքում նա երկդիմի խաղեր էր տալիս. երբ իրեն ձեռնտու է՝ միջամտում էր, երբ ձեռնտու չէ, մի կողմ էր քաշվում, թե ինքը Հայաստանի վարչապետն է, Արցախն իրեն չի ընտրել, հետեւաբար իրավասու չէ նրա անունից բանակցել կամ քաղաքականապես որեւէ աջակցություն ցուցաբերել: Այսօր, սակայն, երբ նա ոչ բարով-խերով ՀՀ քաղաքացիների ընտրյալն է, նաեւ նրանց շահերն է ոտնահարում՝ հանձնելով Տավուշի 4 հայկական գյուղերը՝ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներով՝ Վրաստան տանող միջպետական ճանապարհով եւ ՀՀ մտնող գազատարով հանդերձ, ինչը հղի է ծանրագույն հետեւանքներով:

Այնուհետեւ,- քանի որ ո՛չ Ալիեւի ախորժակն է հագենում, ո՛չ էլ Փաշինյանի զիջողական մարմաջն է պակասում,- հերթը կհասնի Բաքվի մյուս պահանջներին՝ 4, այսպես կոչված, անկլավներին, «Զանգեզուրի միջանցքին», ՀՀ-ում ադրբեջանցի փախստականների վերաբնակեցման ծրագրին եւ այլն: Ադրբեջանը դիտավորյալ է ձգձգում «Խաղաղության պայմանագիր» անվանվող արհեստական փաստաթղթի ստորագրումը, դիտավորյալ է սրում իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի բոլոր ուղղություններում, որովհետեւ դեռ շատ ստանալիք ունի Հայաստանից՝ քանի դեռ իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է՝ «անխափան» հանձնողականների իր խմբակով:

Հիմա գանք բուն թեմային՝ իրավական առումով այն հիմքերին, որոնց վկայաբերմամբ Փաշինյանը հանձնում կամ մտադիր է հանձնել հայկական տարածքներն անկշտում ոսոխին: Ինչպես հանձնեց երեքհազարամյա հայոց բնօրրան Արցախը, ինչպես այսօր ուզում է օտարել տավուշյան՝ նույնպես հնամենի հայկական հողերը, ինչը նշանակում է քանդել ՀՀ-ի հյուսիս-արեւելյան պաշտպանական ամրությունը, եւ սահմանի այն հատվածը, որտեղ չորս տասնյակի չափ լավ կահավորված դիրքեր ունենք, անպաշտպան թողնել ազերի վայրի հորդաների ներխուժումների առջեւ:

Նախ ասենք՝ շատ տարօրինակ է, որ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հայ-ադրբեջանական սահմանային գործընթացը միանգամից սկսում է սահմանազատումից (դեմարկացիա)՝ առանց հստակեցնելու իրավապայմանագրային այն խարիսխը, որի հիման վրա պետք է տեղի ունենա սահմանազատումը: Գործնականորեն առաջին քայլը սահմանագծումն է (դելիմիտացիա)՝ քարտեզի վրա Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանի գծանշումը, որպեսզի հետո այն անցկացվի իրական գետնի վրա: Փաշինյանը անընդհատ պնդում է, որ սահմանազատումը պետք է իրագործվի Ալմա-Աթայի 1991թ. հռչակագրի հիման վրա:

Նրա դատողությամբ՝ քանի որ Ալմա-Աթայի հռչակագրով ԽՍՀՄ նախկին միութենական հանրապետությունները՝ ներառյալ Հայաստանն ու Ադրբեջանը, ճանաչել են մեկմեկու տարածքային ամբողջականությունը, ուրեմն եւ ճանաչել են միմյանց միջեւ մինչ այդ գոյություն ունեցած վարչական սահմանները՝ որպես պետական սահմաններ: Այսինքն՝ Փաշինյանի պնդմամբ՝ Ալմա-Աթայի հռչակագրում, իբր, կա դրույթ, որ նախկին ԽՍՀՄ վարչական սահմանները վերածվում են պետական սահմանների: Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Փաստաթղթում խոսքն ընդամենը այն մասին է, որ հռչակագիրը ստորագրող պետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջությունը: Ոչ՝ ավելին:

Մեկնաբանելով «տարածքային ամբողջականություն» եզրույթը՝ միջազգային իրավունքի մասնագետ Լեւոն Գեւորգյանը «Հետքին» ասել է. «Այստեղ պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում տարածքային ամբողջականություն՝ ընդհանրապես: Դա նշանակում է, որ պետությունները պարտավորվում են մեկը մյուսի նկատմամբ ուժ չգործադրել՝ միմյանց պատկանող տարածքները նվաճելու նպատակով»: Մասնագիտական գնահատականով՝ Ալմա-Աթայի հռչակագիրը, փաստացի, իրավական հետեւանք չառաջացնող, դեկլարատիվ բնույթի քաղաքական հայտարարություն է: Այն փաստաթուղթ է ԱՊՀ-ի ստեղծման մասին, որին որեւէ քարտեզ չի կցվել։

Ի դեպ՝ Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելու փոխարեն, ըստ մասնագետների, ավելի տրամաբանական կլիներ հղում անել Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կանոնադրությանը, որի մեջ ԱՊՀ հիմնադիր անդամ պետությունների սահմանների ճանաչումն առաջին անգամ ամրագրվել է 1992թ. հունվարին: Բայց կանոնադրությունն ընդունող հիմնադիր անդամների մեջ Ադրբեջանը չի եղել, հավանաբար դա է պատճառը, որ Փաշինյանի՝ իրավական հիմքի ընտրությունը կանգ է առել Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որն Ադրբեջանը՝ կից արձանագրությամբ մեկտեղ, ստորագրել է 1991թ. դեկտեմբերի 21-ին, սակայն Միլի մեջլիսն այն չի վավերացրել՝ առոչինչ ճանաչելով Այազ Մութալիբովի ստորագրությունը:

Միայն 1993թ. սեպտեմբերին Ադրբեջանում տեղի ունեցած հեղաշրջումից հետո գալով իշխանության՝ հայր Ալիեւը միացել էր ե՛ւ ԱՊՀ կանոնադրությանը, ե՛ւ Ալմա-Աթայի հռչակագրին կից Արձանագրությանը, որը բուն Հռչակագրի համեմատ իրավական ավելի բարձր կարգավիճակ ունի: Սահմանադրագետ եւ միջազգայնագետ Վարդան Պողոսյանի պարզաբանմամբ՝ Համագործակցության՝ 1994-ին ուժի մեջ մտած կանոնադրությունը ոչ թե ԽՍՀՄ վարչական սահմանների ճանաչման, այլ «գոյություն ունեցող» սահմանների մասին է: «Եթե մենք ելնում ենք այս մեկնակետից, ուրեմն Տավուշի խնդրո առարկա գյուղերը 1994թ. դրությամբ եղել են ՀՀ տարածքում»,- նշել է Պողոսյանը:

«5-րդ ալիք»-ի հետ զրույցում նա ուշագրավ փաստեր է ներկայացրել, որոնց մասին մեր իշխանական շրջանակները գերադասում են չխոսել, թեպետ անցյալ դարի 80-ականներին տեղի ունեցածը առնչվում է նաեւ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածին: Խոսքը 1984թ. սահմանային սուր վեճերի մասին է, որոնք հարթելու համար Տավուշ մեկնած՝ ՀՀ այն ժամանակվա փոխվարչապետ Վլադիմիր Մովսիսյանին ադրբեջանցիներն առեւանգել, տեղափոխել էին Ղազախ եւ սպառնում էին «վիզը կտրել», եթե չստորագրի վեճի առարկա տարածքները զիջելու պահանջագիրը: Մովսիսյանը՝ ի պատիվ իրեն, չի տրվել սադրանքի եւ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել՝ անտեսելով իր կյանքին սպառնացող վտանգը:

ԽՍՀՄ-ում՝ ինչ-ինչ, բայց ազգամիջյան գժտությունների հետ կապված զգայուն խնդիրները Մոսկվան չէր կարող աչքաթող անել: Եվ միութենական կենտրոնն արագ արձագանքեց տավուշյան միջադեպին՝ հրահանգելով Ադրբեջանի անվտանգության ու իրավապահ մարմիններին՝ վերջ տալ ինքնիրավչությանը, պատժել ազգամիջյան երկպառակություն հրահրողներին եւ ձեռնարկված միջոցների մասին անհապաղ զեկուցել: Մովսիսյանին դեմքի կապտուկներով բաց թողեցին տուն եւ, շատ չանցած, Մոսկվայից հատուկ հանձնաժողով ժամանեց տարածաշրջան՝ տեղում սահմանագծման-սահմանազատման գործընթաց իրականացնելու նպատակով:

1984-1987 թվականներին՝ գրեթե 4 տարի, «պարիտետային» հանձնաժողովը, որը գործում էր երկու կողմերի հավասար ներկայացուցչության սկզբունքով ու ռուսաստանյան կողմի միջնորդությամբ, աշխատեց եւ այդ ընթացքում սահմանագծեց-սահմանազատեց խորհրդային ժամանակվա հայ-ադրբեջանական ամբողջ սահմանը՝ 975 կմ երկայնքով: Բացառություն էր միայն Սեւ լճի հատվածը, որովհետեւ այդ ժամանակ,- դա 1987թ.-ի վերջերին էր,- Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները Սեւ լճի արգելոցի վերաբերյալ համատեղ որոշում էին ընդունել, եւ այդտեղ աշխատանքները տակավին ավարտված չէին: Միայն այդ փոքրիկ հատվածը թողնվեց հետագային:

Ամփոփիչ փաստաթուղթը՝ սահմանագծման-սահմանազատման աշխատանքների ավարտման վերաբերյալ Արձանագրությունը, ստորագրվել է երկու պետությունների փոխվարչապետների մակարդակով՝ 1988-ի հունվարի 12-ին: «Արձանագրությանը կցված են նույնիսկ հարեւանությամբ գտնվող հայկական եւ ադրբեջանական գյուղացիական տնտեսությունների, սովխոզների միջեւ սխեմատիկ սահմանները 1:25.000 մասշտաբով, այսինքն՝ շատ մանրամասն քարտեզ է, եւ արձանագրության մեջ ուղղակի ասվում է, որ կնքվել է նման 182 արձանագրություն եւ, ընդհանուր առմամբ, ֆիքսվել են 1.466 սահմանային կետեր, որոնք վերաբերում են ամբողջ սահմանագծին»,- պատմում է սահմանադրագետը:

Նա Փաշինյանին խորհուրդ է տալիս Ալմա-Աթայի ոչինչ չասող փաստաթղթի փոխարեն՝ հղում անել 1988թ. հունվարի 12-ի ավելի բարձր իրավական կարգավիճակ ունեցող վերոնշյալ եռակողմ Արձանագրությանը, որով հստակ, փոխադարձ համաձայնությամբ քարտեզագրված է հայ-ադրբեջանական սահմանը: Ամենայն հավանականությամբ՝ ՌԴ նախագահը հենց այդ քարտեզը նկատի ուներ, որը պահվում է Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պահոցում, եւ որը Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանագծում եւ սահմանազատում իրականացնող համապատասխան հանձնաժողովին տրամադրելու պատրաստակամություն էր հայտնել:

Ամենատարօրինակն այն է, որ իրավիճակների այս ամբողջ դիպաշարի պայմաններում ՀՀ իշխանությունները խնամանքով թաքցնում են փաստացի եւ իրավականորեն անթերի կատարված սահմանագծման-սահմանազատման փաստը, որի արդյունքում, ի դեպ, հայկական կողմին հաջողվել է վերադարձնել մոտ 15.000 հեկտար հողատարածք, որտեղ ադրբեջանցիները ժամանակի ընթացքում կամաց-կամաց ներթափանցել էին եւ միամիտ, անհեռատես հայ հարեւանների լռելյայն անտարբերությամբ «իրենցով արել» այն, ինչն իրենց չի պատկանել: Ինչ վերաբերում է նշված թվականի քարտեզներին, դրանք, ըստ Վարդան Պողոսյանի, կան, բնագրերը պահպանվում են ե՛ւ Մոսկվայում, ե՛ւ նախկին միութենական հանրապետությունների պետական պահոցներում:

Անտարակույս՝ Հայաստանը նույնպես ունի այդ քարտեզների իր բնօրինակները, որոնք, սակայն, կողպեքի տակ են, հետաքրքրասեր աչքից հեռու: ««Լույս» հիմնադրամի միջոցով քանիցս հարցումներ ենք արել ՀՀ պետական արխիվի ղեկավարությանը, բայց տարբեր պատճառաբանություններով միշտ մերժվել ենք»,- հավաստիացնում է միջազգայնագետը: Գուցե չափազանց կարեւոր ու արդիական այդ քարտեզները, այնուամենայնիվ, մեջտե՞ղ հանվեն, որոնք լույս կսփռեն անիմաստ ու անհարկի սահմանային վիճաբանությունների վրա՝ արդյո՞ք հայկական է Ոսկեպարը, թե՝ ադրբեջանական: Ճշմարտությունը մեզնից այնքա՛ն մոտ է ու այնքա՛ն հեռու… այն կողպեքի տակ է:

 

Գեւորգ Բրուտենց

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.