Go to the ACNIS main pageGo to the ACNIS main page


Main Calendar Partners About us
Articles Publications Hayatsk Yerevanits Press releases


 

ՌԱՀՀԿ-ը հրապարակեց եռամսյա վերլուծական հանդեսի հերթական՝ երրորդ համարը

24 դեկտեմբերի 2012թ., Երեւան: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) լույս ընծայեց «Փոփոխվող աշխարհ: Հայացք Երեւանից» ընդհանուր խորագրով վերլուծական իր եռամսյա հանդեսի երրորդ համարը, որի շնորհանդեսն այսօր տեղի ունեցավ ՌԱՀՀԿ գրասենյակում: Շնորհանդեսը ներկայացնելիս` կենտրոնն իր հարկի տակ էր հյուրընկալել հանդեսի անմիջական հեղինակներին, այլ առաջատար վերլուծաբանների, քաղաքագետների ու մամուլի ներկայացուցիչների:

Հանդեսի բացման խոսքում ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը ողջույնի խոսք հղեց հյուրերին եւ հույս հայտնեց, որ նոր թողարկումն իրապես կբավարարի քաղաքական փորձագետների, մեկնաբանների ու լայն հասարակական շերտերի հետաքրքրությունը` առաջարկելով ներքին եւ արտաքին կարեւորագույն խնդիրներին ու մարտահրավերներին առնչվող  համապարփակ վերլուծությունների շարք, որը շաղկապված է Հայաստանի  քաղաքական հրամայականներին, հնարավորություններին եւ շահերին: Սարգսյանը հույս հայտնեց, որ հանդեսը կնպաստի Հայաստանում որոշում կայացնելու գործընթացին` ներքին եւ արտաքին խնդիրների նկատմամբ առավել հեռատես ու ամբողջական ընկալումների ձեւավորման միջոցով:

Հանդեսի ներկայացմանը հակիրճ ելույթներով հանդես եկան պարբերականի հեղինակներ Սարո Սարոյանը, Վարդան Ջալոյանը, Արմինե Ղազարյանը, Էդգար Վարդանյանը, Արման Եղիազարյանը եւ այլոք, որոնք անդրադարձան իրենց աշխատություններում տեղ գտած հիմնական դրույթներին` ուրվագծելով Հայաստանի սոցիալ-քաղաքական համատեքստում հետագա ուսումնասիրությունների ու վերլուծությունների ուղենիշները: Հանդեսի ներկայացումը շարունակվեց հարցերի ու պատասխանների տեսքով եւ կարծիքների աշխույժ փոխանակմամբ:

«Փոփոխվող աշխարհ»-ի շնորհանդեսին ներկա էր եւ ամփոփիչ խոսքով հանդես եկավ Հայաստանի առաջին արտգործնախարար եւ ՌԱՀՀԿ հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, ով կարեւորեց այն անկողմնակալ ուսումնասիրությունների տրամադրման ավանդույթը, որը Կենտրոնը բազմիցս հաստատել է իր շարունակական գործունեությամբ`ծառայելով որպես գիտելիքի ձեռքբերման, հանրային կարծիքի ձեւավորման, ազատ արտահայտման ու տարածման օգտակար եւ արհեստավարժ միջավայր: «Կենտրոնի առաջատար գործունեությունն ու համապարփակ հետազոտությունները լայն ճանաչում ունեն Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս եւ ամենուրեք պահանջված են»,- եզրափակեց Հովհաննիսյանը:


Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելով՝ Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշ՝ ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՌԱՀՀԿ՝ Երեւան, Երզնկյան 75, հեռախոս՝ (37410) 528-780 կամ 274-818, հեռապատճեն՝ (37410) 52-48-46, էլ. փոստ root@acnis.am եւ info@acnis.am:

Related Links

The English version of the press release:

English version


Instructions If you do not see Armenian text click here