Երեքշաբթի, Հունվարի 16, 2018

Վերլուծական

Ինչո՞ւ ուսանողական շարժումը մտավ փակուղի

Տարկետման վերացման դեմ ուսանողական բողոքը չհասավ իր նպատակին: Իշխանությունների հետ մի շարք բանակցություններ եւ կլոր սեղանի համատեղ քննարկումներ անցկացնելիս՝ ուսանողները հանդիպեցին վոլյունտարիստական մոտեցումների: Օրենքն ընդունվեց: Բողոքն ի զորու չեղավ իր շարքերում ներառել բնակչության մյուս շերտերին: Մնում էր միայն դիմել ծայրահեղ միջոցի՝ հացադուլի:

Իշխանությունների կողմից բողոքն անտեսելու գործում մեծ նշանակություն ունեցավ այն հանգամանքը, որ այդ պահանջն արժանացավ շատերի քննադատությանը, որոնք դրանում տեսնում էին բանակային ծառայությունից «պլստալու»՝ ուսանողների ցանկությունը: Հասարակության այդպիսի վերաբերմունքը կարելի է բացատրել ուսանողների կողմից հիմնախնդրի ոչ այնքան ճշգրիտ դրվածքով. «գիտության մասին հոգալու» դրույթն այնքան էլ լուրջ չընկալվեց:

Իրականում ուսանողների պահանջներն իրենց մեջ բավականաչափ էներգիա ունեին՝ իշխանություններին ստիպելու վերանայել օրինագիծը: Հնարավոր է՝ բողոքի նախաձեռնությունն ավելի արդյունավետ լիներ, եթե ուսանողներն ի սկզբանե բանակում ծառայելու հարցում առաջադրեին արդարության գաղափարը: Նրանք պարզապես կարող էին պայման դնել, որ ծառայելու կգնան միայն այն դեպքում, երբ ծառայության մեջ ընդգրկվեն բոլոր «խուսափողները»: Չէ՞ որ հենց վերջիններիս մեղքով են իրենք զրկվում տարկետումներից, եւ տուժում է բուհերում իրենց ուսումը: Հարցի այդպիսի դրվածքի դեպքում շարժումը ձեռք կբերեր իրական քաղաքական ուժ, եւ իշխանությունները կհայտնվեին բավական բարդ իրավիճակում, քանի որ իրենք էլ նոր օրենքը հիմնավորում են նրանով, թե պայքարում են բանակային ծառայությունից խույս տվողների դեմ:

Ինչ վերաբերում է բուն գիտությանը, ապա նրա զարգացման պայմանները երկրում քայքայված են ի սկզբանե: Երկրում բարձր մակարդակի կոռուպցիայի պայմաններում գիտական ​​աշխատողների խրախուսման արդեն իսկ օրինականացված մեթոդները (պետական ​​պատվերի հիման վրա ուսումնառությունը, ասպիրանտներին զինվորական ծառայությունից ազատելը) ոչ մի կերպ չեն ծառայում իրենց նպատակներին: Ուսանողների համար նախատեսված անվճար տեղերը զգալի չափով գնվում են հարուստների, պատգամավորների եւ պաշտոնյաների կողմից, իսկ ապիրանտուրայի տեղերն օգտագործվում են ապօրինի դիսերտացիաներ պատրաստելու համար՝ ծառայությունից խույս տալու նպատակով: Հասկանալի է, որ տարկետման վերացումը որեւէ կերպ չի ազդի ծառայությունից խուսափելու պրակտիկայի վրա: Միայն կնվազի դիմորդների եւ առկա բարձրագույն կրթություն ստանալու ցանկություն ունեցողները թիվը: Արդարադատության համակարգի բացակայության եւ կոռուպցիայի ներկա մակարդակի պահպանման պարագայում գրեթե անհնար է որեւէ բան փոխել: Միայն համակարգային բարեփոխումները կարող են պայմաններ ստեղծել գիտության եւ կրթության պաշտպանության մեխանիզմների ստեղծման համար: «Ազգ-բանակ» ծրագրում նման հարցեր անգամ չեն քննարկվում. այն լուծում է լրիվ այլ խնդիրներ, առաջին հերթին` զինծառայողների շարքերը համալրելու խնդիրը: